Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:33

«Անցնող շաբաթը». Armenia Today-ն ամփոփել է ամենաուշագրավ իրադարձությունները

«Անցնող շաբաթը». Armenia Today-ն ամփոփել է ամենաուշագրավ իրադարձությունները

ՍԴ-Ի ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Շաբաթն սկսվեց ՍԴ-ի շուրջ բավականին թեժ զարգացումներով։ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրվեց  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի։ 

Նախագծի առաջ քաշման գործում կարևոր նշանակություն ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարությունը։

Իշխանությունների կողմից ընդգծվեց, որ Վենետիկի հանձնաժողովի  կարծիքը և ԱԺ բերած նախագիծը ամբողջությամբ համահունչ են այն առումով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առա է համաձայնություն։

Նույն օրը ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանդրության մեջ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին օրինագծերը։ Ուշագրավ էր, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում էլ կատարվեց լրացում, որով փոփոխվեց «ուղարկվում է հանրապետության նախագահին, ով  22-օրյա ժամկետում ստանալուց հետո ստորագրում է» բառերը, այսինքն ըստ որոշման՝ նախագիծն այլևս Նախագահին չի ուղարկվում ստորագրելու համար։

ՍԴ անդամները հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նշյալ որոշումները ենթակա են ՍԴ-ի կողմից հաստատման, ուստի կոչ արեցին հանրային իշխանության մարմիններին իրականացնել իրենց լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը, իսկ ընդդիմադիր ԲՀԿ-ն նախաձեռնեց  ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝  խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Ավելի ուշ Նախագահ նաև հայտարարեց, որ աջակցում է Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը։ 

Իրենց դիրքորոշումները հայտնեցին նաև ՍԴ դատավորները։ «Սահմանադրության այս փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում՝ միանշանակ ճգնաժամը հաղթահարված է լինելու»,-նշել է Վահե Գրիգորյանը, իսկ Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ 

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն էր, ապա ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց նրա հետ և շնորհավորեց Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ: Դատավոր Խաչատրյանը, սակայն, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշեց, որ ինքը, անշուշտ, չի համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող։ 

ՍԴ-ի շուրջ իրավական գործընթացներն ուղեկցվեցին նաև քաղաքական հայտարարություններով։ Հայաստանի երկու արտախորհրդարանական կուսակցություններ կողմ արտահայտվեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ՝ կապված ԱԺ-ի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման հետ։ ՀՀԿ-ն կատարվածը իշխանության յուրացում համարեց։ 

ԼՀԿ-ն չնայած հայտարարեց, որ կատարված փոփոխությունները Սահմանադրության խախտում են, այնուհանդերձ չմիացավ ՍԴ դիմելու հարցում ԲՀԿ-ի արած հայտարարությանը, որոնց մեկ պատգամավորական ձայն  էր պակասում։ 

«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեց նաև,  որ կուսակցությունը չի միանա ԲՀԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին՝ Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու համար, և որ «Լուսավոր Հայաստան» ՍԴ կդիմի միայն հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, որը պայմանավորված էր այդ իրավական գործընթացի վրա քաղաքական որևէ ազդեցությունից խուսափելուն։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ԼՀԿ-ի հայտարարությունից հետո հետ վերցրեց Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները՝ նշելով, որ գնդակը ԼՀԿ-ի դաշտում է։ Սակայն «Լուսավոր Հայաստան»-ից պատասխանեցին, որ անդրդվելի են իրենց որոշման մեջ և որ գործընթացը պետք է զերծ պահել քաղաքական բնույթի զարգացումներից։

Այնուհանդերձ ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ իր նախաձեռնությունը կյանքի կոչեց՝ կապված ԱԺ-ի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունման հետ։

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿԱ

Շաբաթվա ընթացքում մի շարք ուշագրավ քաղաքական զարգացումներ տեղի ունեցան։ Վարչապետ Փաշինյանը, ով առժամանակ քաղաքական հարցերում «թայմ աութ» էր վերցրել, հանդես եկավ նոր հայտարարություններով։ Նա պարետատան նիստերից մեկում նշեց, որ ոմանք պետք է շնորհակալություն հայտնեն, որ այժմ հավաքներ անելու հնարավորություն չկա, քանի որ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության կապակցությամբ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ  հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում տեղ են ունենալու միայն հեղափոխության արժեքները պաշտպանող ուժեր։ ԱԺ փոխխոսնակ Արարատ Միրզոյանն էլ որոշ մտահոգությունների հետ կապված հայտարարեց, որ ՀՀ-ում քաղաքական, սոցիալան և իրավական ճգնաժամ գոյություն չունի։

Այս ֆոնին հետաքրքրական էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս խափանման միջոցի փոխվելուց երկու օր անց։

Նախկին նախագահի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն էլ հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված տեսահոլովակների շարքը: Հունիսի 27-ին հրապարակված տեսագրության ընթացքում նա հայտարարել է, որ որոշել է դադար վերցնել, որպեսզի հանդիսատեսին «մարսելու եւ մտածելու ժամանակ տա»:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում  մնում է ծանր, բայց ունենք կայուն իրավիճակ։ Այս մասին շաբաթվա սկզբին կայացած պարետատան նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, որ Հանրապետությունում ամեն օր արձանագրվող դեպքերի առումով բավական կայուն վիճակում ենք․ «Այս իմաստով իրավիճակի ավելի բարդացում տեղի չի ունեցել, իսկ դա վերջին շրջանում իրականացվող հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունք է»։ Ընդգծվեց, որ այլևս տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չկա։

Միևնույն ժամանակ, շաբաթ օրը ՀՀ առողջապահության նախարարը հայտարարեց համաճարակի ընթացքում իր գործողությունների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամության մասին, եթե դրանցում հայտնաբերվի հանցակազմ: Ընդ որում՝ նա ընդգծեց նաև, որ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բժշկական օգնության մասով Հայաստանն աշխարհում լավագույն դիրքերում է:

Կորոնավիրուսաին համաճարակի դեմ պայքարում մի շարք կարևոր միջոցառումներ կազմակերպվեցին՝

  1. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը ևս միացավ Covid- 19-ի դեմ պայքարին։ 
  2. Հայաստան ժամանեց ԱՀԿ առաքելությունը՝ Հայաստանում  կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:
  3. Հայաստանից մեկնեցին Ֆրանսիայից գործուղված բժիշկների առաջին խումբը, որոնց փոխարինեց կրկին Ֆրանսիայից ժամանած երկրորդ խումբը։

Կորոնավիրուս հաստատվեց ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Ծովինար Վարդանյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գևորգյանի մոտ։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով ավելի քան հազար վարակակիրների անձնական նոր տվյալներ։

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Կառավարությանը որոշման համաձայն Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ, իր հերթին Ազգային ժողովը վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից հավելյալ պարտք վերցնելու նախագիծը։ 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա։

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը։ Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա:

ՔՐԵԱ-ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան երկու բողոք ներկայացրեցին. առաջին բողոք վերաբերում է հիմնավորված կասկածի առկայությանը։ Փաստաբանների կարծիքով ՝ քննչական մարմնի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերում ենթադրյալ հանցանքը հիմնավորված չէ։ Երկրորդ բողոքը վերաբերում է քննություն իրականացնող մարմնին։

Հունիսի 27-ին դատարանը բավարարեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Վերջինս որպես մեղադրյալ է անցնում 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին կազմակերպված ընտրակաշառք բաժանելու գործով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+