ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել այսօր Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
- վերլուծելով 2018 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկած իշխանազավթման գործընթացի նոր փուլի իրադարձությունները,
- ընդգծելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման (ինչպես ժողովուրդն է իր իշխանությունը կաշկանդում Սահմանադրությամբ, այնպես էլ հանրային ցանկացած իշխանություն կաշկանդված է Սահմանադրությամբ),
- արձանագրելով, որ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը ոչ միայն նահանջ են իրավական պետության արժեքներից, այլև անիշխանություն տանող վտանգավոր ճանապարհ,
- վերահաստատելով «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) պնդումն առ այն, որ սահմանադրական դատարանները սահմանադրական կարգի պահապաններ են և սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը կոչված է պատվար լինելու օրվա քաղաքական մեծամասնությունից սահմանադրական դատարանի դատավորների համար,
- անթույլատրելի համարելով, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին,
- արձանագրելով, որ դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս՝ դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում են դրա վրա,
- պնդելով, որ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը,
- ահազանգելով, որ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը,
- հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ավտոմատ, անմիջապես և առանց անցումային մեխանիզմների նախատեսման դադարեցումը հակասում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներին,
- արձանագրելով, որ Սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է (Ժողովրդի անվան վկայակոչմամբ սահմանադրական իմպերատիվ նորմերի դիտավորյալ շրջանցումը և ոտնահարումը Սահմանադրության կոպիտ խախտում է, որը Սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը դարձնում է ապօրինի և ռումբ է դնում իրավական պետության հիմքում),
- հայտնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Հանրապետության նախագահին սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելը ոտնձգություն է Հանրապետության նախագահի լիազորությունների նկատմամբ և ուղղված է իշխանության գերկենտրոնացմանը իշխող քաղաքական մեծամասնության ձեռքում (նման հավակնությունը սպառնալիք է ժողովրդավարության և իրավական պետության հիմնարար սկզբունքների նկատմամբ),
Հայտարարում է.
- Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։
- Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։
- Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։
- Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Նախագիծն ընդունվեց 89 կողմ ձայնով։
Հիշեցնենք՝ նախագծով սահմանվում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



