«Նրանք, ովքեր կուլիսներից կառավարվել են, այլևս ՀՀ քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում տեղ են ունենալու միայն այնպիսի ուժերը, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի հեղափոխության արժեքները»։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, և քննադատելու ամենամեծ տեղն իրենք ունեն, և ամենից շատ նրանց քննադատությունից մենք ենք նեղվում՝ հավելելով, որ ապագան իրենցն է։
Նրա խոսքով, ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են, որոնք կանգնել և ժողովրդին վերադարձրել են իշխանության․ դրանից դուրս որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու։
«Ես սա ասում եմ որպես ՀՀ քաղաքացի։ Ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ մյուսներից մի քիչ ավելի լավ եմ ճանաչում ժողովրդին։ Եթե այդպես չլիներ, մենք այս կազմով այստեղ չէինք գտնվի… Կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է նրանց գլխին, և իրենց թվում է՝ քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել. իրենց թվում է։ Կամ որ սոցիալական բունտից են խոսում… Առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, ձեր բենթլիներն են դառնալու սոցիալական բունտի զոհ: Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք, թե դրա արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որը շատ կարևոր է»,-ասաց նա:
Վարչապետը անդրադարձավ այն հայտարարություններին, թե ընդդիմադիր ուժերը կարող են հանրահավաք անել. «Բա որ մե՞նք հանրահավաք անենք, դուք եկել մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում, եկեք մեզ փողով վախեցրեք։ Այ քեզ բան, այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



