ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին, չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխությունը, հիմնավորել է քաղաքացիությունից զրկելու դրույթի անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել նախագծի վիճելի դրույթները։
Նա լրագրողների հետ նոյեմբերի 26-ի ճեպազրույցում հայտարարել է նաև, որ նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Պետական խորհրդանիշների փոփոխություն
Նոր Սահմանադրության նախագծում այլևս ներառված չէ զինանշանի նկարագրությունը, այդ թվում՝ Արարատ լեռան և Նոյյան տապանի հիշատակումը։ Այս համատեքստում Փաշինյանը չի բացառել Հայաստանի զինանշանի փոփոխությունը՝ հայտարարելով, որ որոշումը կկայացնեն քաղաքացիները՝ հանրաքվեով։
Վարչապետի խոսքով՝ պետական խորհրդանիշները սահմանվելու են օրենքով, որը պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով։
«Քաղաքացիները պետք է որոշեն՝ ո՞րն են համարում իրենց դրոշը, ո՞րն են համարում իրենց զինանշանը, ո՞րն են համարում իրենց օրհներգը»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ եթե քաղաքացիները ցանկանան պահպանել գործող խորհրդանիշները, ոչինչ չի փոխվի։
Քաղաքացիությունից զրկելու հնարավորություն
Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծով քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը հիմնավորել է պետության ինքնապաշտպանության, լրտեսության և պետական դավաճանության կանխարգելման անհրաժեշտությամբ։
«Երկքաղաքացիություն ունեցող անձը, որը, օրինակ, լրտեսության համար դատապարտվել է, ինչո՞ւ պետք է մենք իր քաղաքացիությունը պահենք, պահպանենք, փայփայենք և նրան էլ տանք քաղաքացիական իրավունքներ»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով մտահոգություններին, որ քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ռիսկը չեզոքացնելու ամենահուսալի ճանապարհն անկախ դատական իշխանություն ունենալն է։
Նրա խոսքով՝ դատարանը պետք է հնարավորություն ունենա քաղաքացիությունից զրկելու որոշում կայացնել օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ լինելու համար դատապարտված անձանց նկատմամբ։
Վենետիկի հանձնաժողովը կգնահատի
Փաշինյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական գնահատման։
Նա անդրադարձել է նաև ընդդիմության պնդումներին, թե նախագծի որոշ դրույթներ կարող են խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը (ԵՄ)։ Վարչապետի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը հնարավորություն կտա պարզաբանել նաև այդ հարցը։
Ընդդիմության հետ քննարկումներ և արտահերթ ընտրությունների հնարավորություն
Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է քննարկել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ցանկացած հարց, սակայն դա չի նշանակում, որ բոլոր առաջարկներն ընդունելի կլինեն։
Նա սկզբունքային է համարել դատական համակարգին վերաբերող փոփոխությունները և կարևորել անկախ ու ինքնավար մարմիններում, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդում և Կենտրոնական բանկում, ընդդիմության համար քվոտաների նախատեսումը։
Նրա խոսքով՝ ընդդիմության հետ քննարկումներից բացի կարևոր է նաև հանրության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե քաղաքացիները հանրաքվեում մերժեն նոր Սահմանադրության նախագիծը, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ ընտրություններում չառաջադրվել վարչապետի պաշտոնում։
Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 20-ին մերժել էր հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ վեց ձայնն ապահովելու՝ վարչապետի առաջարկը։ Նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է 105 պատգամավորից առնվազն 70-ի աջակցությունը, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Նախագծի նախաբանում բացակայում է նաև Անկախության հռչակագրին հղումը, որում Բաքուն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է տեսնում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական էր գնահատել այդ փոփոխությունը, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել էր նախագծի հրապարակումը։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները նախագիծն անվանել էին «ալիևյան Սահմանադրություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







