Սահմանադրության նոր նախագծով նախատեսվող քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է Արցախում զինվորական ծառայություն անցած անձանց Ադրբեջանին արտահանձնելու վտանգ ստեղծել, հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագծով առաջարկվում է դատարանի որոշմամբ անձին ՀՀ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն սահմանել՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Խուդոյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունից զրկելու դեպքում անձը կարող է արտահանձնվել այլ պետության, այդ թվում՝ Ադրբեջանին։ Խուդոյանի խոսքով՝ քաղաքացիությունից զրկելու դեպքում անձը կկորցնի ՀՀ քաղաքացուն այլ պետության արտահանձնելուց պաշտպանող սահմանադրական երաշխիքը։ Փաստաբանի գնահատմամբ՝ այդ մեխանիզմը կարող է կիրառվել նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։
Նա պարզաբանել է, որ Ադրբեջանն Արցախում զինվորական ծառայություն անցած անձանց կարող է մեղադրել իր պետական սահմանն ապօրինի հատելու կամ ռազմական գործողություններին մասնակցելու մեջ։ Ըստ փաստաբանի՝ սա կարող է նրանց ՀՀ քաղաքացիությունից զրկելու դեպքում արտահանձնում պահանջելու հիմք դառնալ Ադրբեջանի համար։
«Սա, իհարկե, առաջին հայացքից աբսուրդ կթվա, բայց տեսնելով, թե ինչ ջանասիրությամբ են (իշխանությունները-խմբ․) սպասարկում Ադրբեջանի շահերը, կարող ենք այս սցենարը նույնպես իրատեսական համարել»,- ասել է փաստաբանը։
Խուդոյանի գնահատմամբ՝ քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է նաև քաղաքականապես ակտիվ և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ ճնշման ու շանտաժի լրացուցիչ գործիք դառնալ։ Նա ընդգծել է, որ, ի տարբերություն ազատազրկման, քաղաքացիությունից զրկելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Նշենք, որ գործող Սահմանադրության 47-րդ հոդվածով արգելվում է անձին ՀՀ քաղաքացիությունից զրկելը, իսկ 55-րդ հոդվածով՝ ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետությանն արտահանձնելը՝ բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։ Այսինքն, նոր նախագծով քաղաքացիությունից զրկելու հնարավորության ամրագրումը կարող է հանգեցնել արտահանձնումից պաշտպանող այդ սահմանադրական երաշխիքի կորստին։
Փաստաբանն անդրադարձել է նաև Հայաստանի միջազգային պարտավորություններին՝ ընդգծելով, որ պետությունը չպետք է քաղաքացիությունից զրկելու հետևանքով անձին թողնի առանց որևէ երկրի քաղաքացիության։
Խուդոյանը նաև մեղադրել է իշխանություններին սահմանադրական փոփոխությունների միջոցով նախկին ենթադրյալ հանցագործությունները պարտակելու փորձի մեջ։ Որպես օրինակներ նա բերել է դատավորների և ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ իր գնահատմամբ ապօրինի պաշտոնանկությունները, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նկատմամբ ենթադրյալ քաղաքական միջամտությունը։
«Նախագիծը կարծես հանցագործի օրագիր լինի․ ցանկացած փոփոխություն, որ այս սահմանադրության մեջ կատարվում է, դրա վերաբերյալ մի հանցանք այս իշխանությունը գործում է»,- ասել է փաստաբանը։
Նրա գնահատմամբ՝ նոր նախագիծը վերացնում է նաև իշխանության հակակշիռների մեխանիզմները, գործադիր մարմնին տալիս անսահմանափակ իշխանություն և բռնապետական համակարգ կառուցելու լրացուցիչ երաշխիքներ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նույնպես քննադատել է նախագիծը՝ այն որակելով խայտառակություն։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեմ կլիներ ներկայացված նախագծին նույնիսկ Անկախության հռչակագրին հղումը պահպանելու դեպքում։
«Այն վատն է, շատ ավելի վատն է, քան գործողը»,- ընդգծել է Քոչարյանը։
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Նախագծից հանվել է նաև Անկախության հռչակագրին հղումը, ինչ դրական արձագանքների է արժանացել առաջինը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Armenia Today-ն համեմատել էր նոր նախագծի հիմնական դրույթները գործող Սահմանադրության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







