Ռուսաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրով աշխատող օտարերկրացիների՝ աշխատանքի մասին ծանուցման կարգը, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն ծառայությունը։
Նոր կարգով ծանուցում ներկայացնելու պարտականությունը կախված կլինի գործատուի կարգավիճակից։
Եթե միգրանտն աշխատում է ֆիզիկական անձի մոտ, ապա արտոնագիր ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է ինքնուրույն ծանուցի ՆԳՆ տարածքային մարմնին։
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, մասնավոր նոտարների, փաստաբանական գրասենյակ հիմնադրած փաստաբանների և օրենքով սահմանված այլ գործատուների մոտ աշխատելու դեպքում ծանուցումը պետք է ներկայացնի գործատուն։ Աշխատանքային պայմանագրի կնքման կամ դադարեցման մասին ՆԳՆ-ին անհրաժեշտ կլինի տեղեկացնել երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ օտարերկրյա աշխատակցի աշխատանքից ազատման մասին սահմանված ժամկետում չծանուցելու համար նախատեսված է մինչև 800 հազար ռուբլի (շուրջ 9,8 հազար դոլար) տուգանք կամ կազմակերպության գործունեության կասեցում՝ մինչև 90 օր ժամկետով։
Գործատուները ծանուցումները կարող են ներկայացնել նաև «Госуслуги» պետական ծառայությունների էլեկտրոնային հարթակի միջոցով։
Գործող կարգով աշխատանքային արտոնագիր ստացած օտարերկրացին պարտավոր է երկու ամսվա ընթացքում ՆԳՆ-ին տեղեկացնել իր աշխատանքային գործունեության մասին՝ անկախ գործատուի կարգավիճակից։ 2027 թվականի հունվարի 1-ից այդ պարտականությունը կպահպանվի ֆիզիկական անձանց մոտ աշխատողների համար, իսկ կազմակերպություններում և օրենքով նախատեսված այլ գործատուների մոտ աշխատանքի դեպքում համապատասխան ծանուցումը կներկայացնի գործատուն։
Փոփոխությունները նախատեսված են 2026 թվականի հուլիսի 26-ին ընդունված թիվ 241-ФЗ դաշնային օրենքով, որով փոփոխվել է «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







