Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:08

Իշխող կուսակցության ութ համայնքապետ Իրինա Յոլյանի դեմ հայցեր են ներկայացրել

Восемь глав общин от партии власти потребовали от Йолян 18,5 млн драмов компенсации
Irina Yolyan filed lawsuits by mayors

Իշխող կուսակցության ութ համայնքապետ դատական հայցեր են ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իրենց կողմից զրպարտություն համարվող տեղեկությունները և ընդհանուր առմամբ 18,5 մլն դրամի փոխհատուցում վճարել, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումները դատարաններ են ներկայացվել նոյեմբերի 3-26-ը։ Յոթ գործերի նյութերի համաձայն՝ դատարան դիմելու առիթը դարձել է Յոլյանի՝ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ունեցած ելույթը, որի ընթացքում պատգամավորը հայտարարել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համայնքապետերն անորակ ասֆալտապատման աշխատանքներով մսխում են պետական բյուջեի միջոցները։

«Ինչքան (…) համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն՝ ասֆալտապատման, անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով»,- ասված է հայցադիմումներում մեջբերված՝ պատգամավորի ելույթի հատվածում։

Զրպարտության համար 3-ական մլն դրամի փոխհատուցում են պահանջել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը և Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը պահանջել են Յոլյանից բռնագանձել 2-ական մլն դրամ, իսկ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը՝ 500 հազար դրամ։ Սարգսյանը նաև պահանջել է փոխհատուցել իր կատարած դատական ծախսերը՝ 110 հազար դրամի չափով։

Հայցվորները պահանջում են պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Մկրտչյանը նաև պահանջել է պարտավորեցնել Յոլյանին ներողություն խնդրել, իսկ Մեխակյանը՝ հերքման տեքստը հրապարակել Facebook-ում՝ առնվազն տասը աշխատանքային օրով, կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր լրատվամիջոցում։

Պողոսյանը, Առաքելյանը և Նիկողոսյանը պահանջում են, որ պատգամավորը հերքի իր հայտարարություններն ԱԺ ամբիոնից։ Դրա անհնարինության դեպքում, հայցապահանջների համաձայն, հերքումը պետք է հնչի առնվազն երեք լրատվամիջոցի ուղիղ եթերում, որոնցից յուրաքանչյուրը YouTube-ում ունի առնվազն 200 հազար բաժանորդ։

Դատարանները վարույթ են ընդունել երեք հայցադիմում՝ Սափեյանի, Մկրտչյանի և Սարգսյանի։ Եվս չորս հայցադիմում նոյեմբերի 26-ին մակագրվել է դատավորներին։ Դրանք վարույթ ընդունելու վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

Սյունիքի մարզի դատարանը նոյեմբերի 25-ին վերադարձրել է Խաչատրյանի հայցադիմումը՝ պետական տուրքը թերի վճարելու հիմքով։ Հայցվորը սահմանված 110 հազար դրամի փոխարեն վճարել է 20 հազար դրամ։ Խաչատրյանը կարող է որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում վերացնել հայցադիմումի թերությունները և այն կրկին ներկայացնել դատարան կամ յոթնօրյա ժամկետում բողոքարկել որոշումը։

Առանց վերադարձված հայցադիմումի՝ պահանջվող փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է 15,5 մլն դրամ։

Սափեյանի գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանում գրանցվել է նաև դատական ակտի դեմ բողոք։ Բողոքարկված դատական ակտի բովանդակության վերաբերյալ տվյալներ հրապարակված նյութերում չկան։

Հայցապահանջներն ըստ էության քննելու արդյունքների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 29-ին կոչ էր արել ՔՊ-ից ընտրված համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել Յոլյանի դեմ՝ պահանջելով հերքել հայտարարությունները և առավելագույն չափով փոխհատուցում վճարել։ Նախարարը պատգամավորի մեղադրանքները սուտ էր որակել։

Յոլյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ դատական հայցերի սպառնալիքներն իրեն չեն լռեցնի։ Պատգամավորը պատրաստակամություն էր հայտնել հրապարակել համայնքապետերի հետ փոխկապակցված ընկերությունների անվանումները, մրցույթներին նրանց մասնակցության և կնքված պայմանագրերի վերաբերյալ տվյալները։

«Հրապարակ» թերթը հոկտեմբերի 31-ին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Յոլյանի դեմ դատական հայցերի ներկայացումը կազմակերպելու հանձնարարականն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է տվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+