Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը նախընտրական քարոզարշավի վերջին օրը լրագրողներին հայտնել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից ամիսներ առաջ իշխանություններից պայմանավորվածության գնալու առաջարկ է ստացել և մերժել է այն։ Ուղիղ եթերը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
«Ինձ առաջարկ է եղել առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկելու, և ես հենց սկզբից մերժել եմ, որովհետև ես պայմանավորված համայնքի ղեկավար երբեք չեմ աշխատի»,- ասել է Համբարձումյանը։
Համբարձումյանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ համայնքի ղեկավարին պետք է ընտրեն Մասիսի բնակիչները, և ինքը որևէ մեկի հետ պայմանավորվելու անհրաժեշտություն չունի։
Նա չի բացահայտել, թե ով է իրեն ներկայացրել առաջարկը, սակայն, նրա գնահատմամբ, այդ անձը չէր կարող ինքնագլուխ նման առաջարկ անել։
Համբարձումյանը նաև ընդգծել է, որ առաջարկը չի առնչվել անվստահություն հայտնելու գործընթացին և ներկայացվել է ամիսներ առաջ՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ։
Նրա խոսքով՝ դատարանի անբարենպաստ որոշման դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կշարունակի ընտրապայքարը, նույնիսկ եթե ինքը չմասնակցի ընտրություններին։
Համբարձումյանը վստահություն է հայտնել, որ անկախ ընտրություններին իր մասնակցությունից՝ դեկտեմբերի 13-ին Մասիսի բնակիչներն իրենք կորոշեն համայնքի ապագան առաջիկա հինգ տարիների համար։
Համբարձումյանն անդրադարձել է նաև նախօրեին Մասիսի համայնքապետարանի աշխատակիցների ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ աշխատակիցներին ձերբակալել են ծառահատման ժամանակ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։ Ձերբակալությունների հիմնավորումները նա անտրամաբանական է որակել։
Ավելի ուշ Վճռաբեկ դատարանը օրինական ուժ է տվել Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։ Համբարձումյանի պաշտպանները մտավախություն էին հայտնել, որ որոշումը կարող է խոչընդոտել նրա մասնակցությանը դեկտեմբերի 13-ի ընտրություններին։ Վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալը և պաշտպանները։
Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել էր Համբարձումյանին 6 տարի 3 ամսով ազատազրկման դատապարտելու դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ նրան ազատելով տնային կալանքից։
Մասիսի ավագանու ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին։ Համայնքապետի պաշտոնին հավակնում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Հակոբյանը և «Կառուցող» դաշինքի ցուցակը գլխավորող Համբարձումյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







