Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոյեմբերի 26-ին արձանագրել է, որ Հայաստանում քրեական գործի քննությունը տևել է ավելի քան յոթ տարի՝ խախտելով ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը։
ՄԻԵԴ-ի տվյալներով՝ Մկրտիչ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 26-ին և ավարտվել 2022 թվականի դեկտեմբերի 27-ին՝ անցնելով դատական երեք ատյաններով։
Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ վարույթի տևողությունը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ողջամիտ ժամկետի պահանջին։
Դատարանը պարտավորեցրել է Հայաստանին երեք ամսվա ընթացքում Բաբայանին վճարել 900 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 250 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։
ՄԻԵԴ-ի 2025 թվականի վիճակագրության համաձայն՝ Հայաստանի վերաբերյալ կայացված 23 վճռից 22-ով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։ Հայաստանի դեմ գործերով դատարանը սահմանել է ընդհանուր 646 734 եվրոյի փոխհատուցում՝ 2024 թվականի 206 810 եվրոյի դիմաց։ Գումարները վերաբերում են նշանակված, ոչ թե փաստացի վճարված փոխհատուցումներին։
ՄԻԵԴ-ը մայիսի 21-ին «Լենա Հակոբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր, որ Հայաստանում քաղաքացիական և վարչական դատավարությունները ձգձգվել են 7-13 տարի։ Դատարանը նաև մատնանշել էր նման ձգձգումների համար փոխհատուցում պահանջելու արդյունավետ մեխանիզմի բացակայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ իշխանությունները դատավարությունների ձգձգման խնդիրը բարձրացրել էին դեռ մինչև ՄԻԵԴ-ի վճիռը։ Նրա խոսքով՝ արդեն ուժի մեջ էին մտել դատական գործերի քննության ժամկետներ սահմանող օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ քրեական դատավարության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







