Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Այս մասին Armenia Today-ին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:
Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին:
Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց:
Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



