Մասիսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 16 օր առաջ Վճռաբեկ դատարանն օրինական ուժ է տվել ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկման դատապարտելու վճռին։ Համապատասխան որոշումը հրապարակել է Վճռաբեկ դատարանը։
Դատարանի որոշումից ժամեր առաջ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Համբարձումյանը լրագրողներին հայտնել էր, որ մերժել է իշխանությունների՝ ընտրությունների շուրջ պայմանավորվածության գնալու առաջարկը։ Նրա խոսքով՝ դատարանի անբարենպաստ որոշման դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կշարունակի ընտրապայքարը։
Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշումը։ Վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալը և Համբարձումյանի պաշտպանները։ Պաշտպաններն ավելի վաղ մտավախություն էին հայտնել, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել Համբարձումյանի մասնակցությանը դեկտեմբերի 13-ի ընտրություններին։
Համբարձումյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, այնուհետև նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին բեկանել էր առաջին ատյանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ Համբարձումյանին ազատելով տնային կալանքից։ Այսպիսով դատարանն օրինական ուժ է տվել Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին:
Մասիսի ավագանու ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին։ Համայնքապետի պաշտոնին հավակնում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Հակոբյանը և «Կառուցող» դաշինքի ցուցակը գլխավորող Համբարձումյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







