Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը որակել է որպես ընտրական գործընթացին ուղղակի միջամտություն։
«Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը»,- ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարության մեջ։
ՀՀԿ-ի գնահատմամբ՝ դատական համակարգը վերածվել է «կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի», իսկ իրավապահ և քրեակատարողական համակարգերը՝ քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի։ Կուսակցությունը պահանջել է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
ՀՀԿ-ն միջազգային կառույցներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտներից և անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։
Կուսակցությունը հայտարարել է, որ շարունակելու է սահմանադրական բոլոր միջոցներով պայքարն իշխանությունների դեմ և աջակցելու է Համբարձումյանի ու մյուս քաղբանտարկյալների իրավունքների ենթադրյալ խախտումների հարցը միջազգային ատյաններ հասցնելուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







