Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 24
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+14°
  • Կապան+17°
  • Սևան+8°
  • 360.35 ▼ −0.18
  • 395.09 ▼ −0.09
  • 4.39 ▼ −0.01
  • 139.10 ▲ +0.06
Երեքշաբթի, Նոյեմբերի 24 12:55

Բրյուսովի ուսանողները ստորագրահավաք են սկսել բուհերի խոշորացման ծրագրի դեմ․ ԶԼՄ

bryusov
Լուսանկարը՝ Armenia Today

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները բուհերի հնարավոր միավորման դեմ ստորագրահավաք են սկսել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ստորագրահավաքի մասին տեղեկությունը հաստատել են Armenia Today-ի աղբյուրները Բրյուսովի համալսարանի ուսանողական համայնքում։ Նրանց խոսքով՝ ուսանողները հատկապես մտահոգված են որոշ ֆակուլտետների հնարավոր փակմամբ։ Աղբյուրները չեն նշել, թե խոսքը որ ֆակուլտետների մասին է, երբ է մեկնարկել ստորագրահավաքը և քանի ստորագրություն է արդեն հավաքվել։

Կառավարությունը երեք բուհերի միավորումը սկսել է քննարկել 2022 թվականին՝ բուհերի խոշորացման ծրագրի շրջանակում։ Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միավորման մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր բուհերի խոշորացման ծրագրի մասին, որով նախատեսվում էր Հայաստանում ունենալ առավելագույնը ութ խոշորացված պետական բուհ, որոնք կմիավորվեին գիտահետազոտական ինստիտուտների հետ։

ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանը նույն թվականի հոկտեմբերի 13-ին հաստատել էր երեք բուհերի միավորման նախագծի մասին տեղեկությունը։ Նա վստահեցրել էր, որ որևէ բուհ չի փակվի, և հաստիքներ չեն կրճատվի՝ բացառությամբ ռեկտորների պաշտոնների։

Նախաձեռնությունը բողոքի ալիք էր բարձրացրել Բրյուսովի համալսարանի ուսանողների և դասախոսների շրջանում։ Ուսանողները հանդես էին եկել «Ստանանք այն բուհի դիպլոմը, որտեղ ընդունվել ենք» կարգախոսով։ «Ժողովրդի» տվյալներով՝ մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2000 ուսանող ստորագրություն էր դրել միավորման դեմ։ Նախաձեռնությանը դեմ էր արտահայտվել նաև համալսարանի այն ժամանակվա ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Բողոքի ակցիաներից հետո իշխանությունները ժամանակավորապես կասեցրել էին երեք բուհերի միավորման գործընթացը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլում այնտեղ նախատեսվում է տեղափոխել կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական ուղղությունների բուհերը։

Անդրեասյանը 2025 թվականի հունվարի 8-ին, պատասխանելով Armenia Today-ի հարցին երեք բուհերի միավորման չիրականացված նախագծի վերաբերյալ, հայտարարել էր, որ իշխանություններն առանձին բուհերի միավորման հարց չեն քննարկում։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ բուհերի խոշորացումը շարունակում է մնալ կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը։

Կառավարությունը 2026 թվականի փետրվարի 26-ին հաստատել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Փաստաթղթի համաձայն՝ Բրյուսովի համալսարանը, Մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը ներառված են կրթական կլաստերում, որը նախատեսվում է ձևավորել խոշորացված բուհերի հիման վրա։ Հայեցակարգում երեք բուհերի միավորման մասին առանձին դրույթ չկա։

«Հրապարակ» օրաթերթը 2026 թվականի հոկտեմբերի 9-ին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ երեք բուհերի միավորման գործընթացը վերսկսվել է։ ԿԳՄՍ նախարարությունից թերթին առաջարկել էին մեկնաբանության համար դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, սակայն այնտեղից մինչև հրապարակումը պարզաբանում չէր ստացվել։

Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ զեկուցել էր, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մշակվել է բուհերի խոշորացման հայեցակարգը, իրականացվել է կարիքների գնահատում և ավարտվել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները։

Կրթական կլաստերի ձևավորման աշխատանքներում ներգրավված է բրիտանական UCL Consultants Limited ընկերությունը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դուստր կառույցը։ Ընկերության ներգրավման որոշումը կառավարությունը կայացրել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին։

«Ժողովրդի» տվյալներով՝ Բրյուսովի համալսարանում բրիտանացի ներկայացուցիչների մասնակցությամբ կրկին քննարկվել է երեք բուհերի միավորման հարցը։ «Ժողովուրդը» չի նշում, թե որ կառույցի ներկայացուցիչներ էին նրանք։ Ուսանողները դեմ են արտահայտվել նախաձեռնությանը՝ պնդելով, որ Բրյուսովի համալսարանի մասնագիտական ուղղվածությունը չի համապատասխանում առաջարկվող կրթական կլաստերին։

Միավորման հարցի շուրջ տարաձայնություններ են առաջացել նաև Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ։ Վեճերից հետո ուսանողները հրապարակավ ներողություն են խնդրել միմյանցից։

«Ժողովրդի» տվյալներով՝ բուհերի միավորումը կարող է իրականացվել 2027 թվականի հունվար-փետրվարին։ Այդ ժամկետների պաշտոնական հաստատում չկա։ ԿԳՄՍ նախարարությունը մինչև հրապարակման պահը չի մեկնաբանել միավորման մասին տեղեկությունները։

«Ժողովուրդն» անդրադարձել է նաև Բրյուսովի համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի դիրքորոշմանը։ Օրաթերթի տվյալներով՝ ուսանողների հետ զրույցներում նա դեմ է արտահայտվել միավորմանը և վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն չի իրականացվի։ Սակայն «Ժողովրդի» տվյալներով՝ լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունում ռեկտորը կողմ է արտահայտվել բուհերի միավորմանը։ Գյուրջինյանը 2023 թվականին նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար, իսկ 2024-ին ընտրվել է ռեկտոր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+