Հայաստանի արդարադատության նախարարությունը (ԱՆ) արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության քննադատությանը՝ հայտարարելով, որ միության դիրքորոշումը չի ներկայացնում ամբողջ դատական իշխանության պաշտոնական դիրքորոշումը։
Դատավորների միությունը նոյեմբերի 24-ին պահանջել էր հանել նոր Սահմանադրության նախագծի 2 դրույթ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Հայաստանի դատավորների միությունը 1997 թվականին ստեղծված հասարակական կազմակերպություն է, որի անդամ կարող են լինել գործող և նախկին դատավորները։ Միությանն անդամակցությունը կամավոր է։
ԱՆ-ի խոսքով՝ միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում և չունի դատական իշխանության մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ։
Նախարարությունը նաև մատնանշել է, որ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե միության որ մարմինն է այն ընդունել, քանի անդամ է մասնակցել քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, ինչպես նաև արդյոք հայտարարության հրապարակման վերաբերյալ որոշում է ընդունվել կանոնադրությամբ սահմանված կարգով։
«Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները»,- ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է պարզել նաև, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այն ձևավորվել։
Հայաստանի դատավորների միությունը նոյեմբերի 24-ին պահանջել էր նոր Սահմանադրության նախագծից հանել դատավորների համատարած վերագնահատում և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) բոլոր անդամների ընտրությունն Ազգային ժողովին վերապահող դրույթները՝ դրանք վտանգավոր համարելով դատական իշխանության անկախության համար։
Միության տվյալներով՝ նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորները ստանալու են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, իսկ նրանց հետագա պաշտոնավարումը կախված է լինելու հինգ տարվա ընթացքում անցկացվելիք վերագնահատման արդյունքներից։ Նախագծի 58-րդ հոդվածով ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրելու է խորհրդարանը։
Միությունը նաև հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման և քննարկման գործընթացին որևէ դատավոր չի մասնակցել։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ ՔՊ-ից հայտարարել ին, որ դրա հանրային քննարկումներ կտևեն մինչև գարուն։
Գործող Սահմանադրությամբ նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի կողմ ձայները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 մանդատ, հետևաբար անհրաժեշտ է ևս վեց ձայն։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ չի աջակցի նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







