Ոստիկաններն Արտաշատում ձերբակալել են 36-ամյա տղամարդու՝ 22-ամյա հարսնացուին ազատությունից ապօրինի զրկելու կասկածով, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ փեսացուն նրան ազատությունից զրկել է և պահում է Արտաշատում։
Ոստիկանները պարզել են աղջկա գտնվելու վայրը։ Իրավապահները տեղեկություններ են ունեցել նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։
Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր են կանչել փրկարարներին։ Ոստիկանների և փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։
Ոստիկանները հարսնացուին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տանը հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տղամարդուն տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







