Ես շարունակելու եմ պաշտոնավարել․ ոչ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը, և այս պարագայում՝ օրենքի ուժով, մենք շարունակում ենք աշխատել։ Դատարանում, երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարեցման փաստը։ Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Գյուլումյանը՝ նշելով, որ հայտարարություններն աշխատանքից ազատվելու հիմք չեն։
Գյուլումյանը նշեց, որ մինչև չկոնկրետացվեն, մինչև օրենքի մեջ իրենց արտացոլումը չգտնեն, բնականբար, մենք շարունակում ենք աշխատել։
«Իմ, ինչպես նաև մյուսների պարագայում պետք է լինի իրավական հիմք, որ կարողանան ասել՝ «այո՛, սա վերաբերում է տիկին Գյուլումյանին»»,- ասաց Գյուլումյանը։
Անդրադառնալով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, որ օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, ՍԴ դատավորը նշեց, Սահամանադրության նորմերից անմիջական գործող են համարվում միայն մարդու իրավունքների վերաբերյալ նորմերը, մնացած նորմերը գործում են օրենսդրական համապատասխան ամրապնդում ստանալուց հետո։
Գյուլումյանը նշեց, որ քայլեր կձեռնարկի իր իրավուքների պաշտպանության համար՝ նշելով, որ եթե ներպետական դատարաններ չկան այդ ամենի համար, ապա կդիմեն եվրոպական դատարան։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



