Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին ոստիկանները ձերբակալել են համայնքապետարանի կանաչապատման հասարակական ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) երեք աշխատակցի՝ ծառերի էտման աշխատանքներ կատարելիս։
Հակոբյանի տեղեկություններով՝ ոստիկանները ձերբակալությունը պատճառաբանել են նրանով, թե ծառերն էտվել են նախընտրական պաստառներն ավելի տեսանելի դարձնելու նպատակով։ Համայնքապետը պնդել է, որ աշխատակիցները պարզապես կատարել են իրենց ծառայողական պարտականությունները։
Նա ոստիկանությանը կոչ է արել ազատ արձակել աշխատակիցներին՝ միաժամանակ մեղադրելով իրավապահներին նախընտրական քարոզարշավի ընթացքում «Կառուցող» դաշինքի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
Հակոբյանը նաև հայտնել է, որ փետրվարի 5-ին վթարված համայնքային աղբատարը մինչ օրս գտնվում է իրավապահ մարմինների մոտ, ինչի պատճառով դժվարանում է աղբահանությունը։
Ոստիկանությունը դեռ չի արձագանքել համայնքապետի հայտարարությանը։
Մասիսում ավագանու ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին։
Համայնքապետի պաշտոնին հավակնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Հակոբյանը և «Կառուցող» դաշինքի ցուցակը գլխավորող Դավիթ Համբարձումյանը։
Մասիսի ընդդիմադիր նախկին համայնքապետ Համբարձումյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո։ Հետագայում կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Նրա նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2019 թվականին՝ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք գործադրելու մեղադրանքով։
Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը 2026 թվականի հունիսի 25-ին բեկանել էր դատավճիռը, գործն ուղարկել նոր քննության և Համբարձումյանին ազատել տնային կալանքից՝ խափանման միջոցը փոխելով վարչական հսկողությամբ։ Գլխավոր դատախազի տեղակալը և պաշտպանները բողոքարկել են այդ որոշումը Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին կհրապարակի Համբարձումյանի գործով որոշումը։ Նրա փաստաբան Գայանե Պապոյանը մտահոգություն էր հայտնել, որ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել Համբարձումյանի մասնակցությանը ընտրություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







