Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքիին։
Կոալիցիայի հրամանատարությունը հնարավոր տուժածների և նյութական վնասների մասին տեղեկություններ չի հայտնել, սակայն նախազգուշացրել է հութիներին ռազմական պատասխանի մասին։
«Խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը վճռական ռազմական պատասխանի կհանգեցնի»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Ջիզանը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում՝ Եմենի հետ սահմանի մոտ։ Քաղաքում է գտնվում Saudi Aramco պետական ընկերության խոշոր նավթավերամշակման գործարանը։
Ավելի վաղ հութիները Սաուդյան Արաբիայի օդային տարածքը հայտարարել էին մարտական գործողությունների գոտի և խաղաղ բնակիչներին կոչ արել չմոտենալ երկրի օդանավակայաններին ու նավթային օբյեկտներին։
2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո հութիները վերսկսել էին հարձակումները Կարմիր ծովում նավերի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի օդանավակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իրանը տարիներ շարունակ շարժմանը տրամադրել է ռազմական աջակցություն, այդ թվում՝ սպառազինություն և տեխնոլոգիաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







