Թբիլիսիի Փոնիճալա թաղամասի բնակելի շենքում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա։ Այս մասին դեպքի վայրում լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։
Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախարարի փոխանցմամբ՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հոսպիտալացվածների թվում նույնպես մանկահասակ երեխա կա, որի կյանքին վտանգ չի սպառնում։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել վեց զոհերի մարմինները։ Թամազաշվիլին հայտնել է, որ փրկարարական աշխատանքները փաստացի ավարտվել են։
Դեպքի վայրում շարունակվելու են քննչական գործողությունները՝ փորձագետների մասնակցությամբ զննություն և ապացույցների հավաքագրում։
Առաջին ալիքի տեղեկություններով՝ բնակելի շենքում գազի պայթյունին փլուզում է հաջորդել։ Փրկարարները նախ փլատակներից դուրս են բերել մանկահասակ աղջկա, ապա՝ զոհերի մարմինները։
Վրաստանում սգո օր է հայտարարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







