Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրված մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ներկայացրել է կազմակերպության բարեփոխումների ծրագիր՝ խոստանալով հրաժարվել երկրորդ ժամկետով առաջադրվելուց, եթե առաջին պաշտոնավարման ընթացքում չկատարի իր պարտավորությունների մեծ մասը։
Նոյեմբերի 18-ին ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ կազմակերպության աշխատանքը պետք է գնահատվի ոչ թե քաղաքական պայմանավորվածություններով, այլ մարդկանց կյանքը փրկելու ուղղությամբ գրանցված արդյունքներով։
«Ես լավատես եմ՝ հստակ ծրագրով»,- ասել է Թամամյանը։
Իր ելույթը Թամամյանն սկսել է մի հիվանդի խոսքերով, որոնք մինչ օրս ուղեկցում են իրեն․ «Բժի՛շկ, մի բան արեք, օգնե՛ք ինձ, ես չեմ ուզում մահանալ»։
Նա պատմել է մի աղջկա մասին, որին չի կարողացել ապահովել անհրաժեշտ բուժմամբ։ Աղջիկը մահացել է, իսկ բժշկի համար հարց է մնացել՝ արդյոք նրա ճակատագիրն այլ կլիներ, եթե ծնված լիներ մեկ այլ երկրում։
«Այսօր ես առաջադրվել եմ այդ աղջկա համար։ Աշխարհագրությունը չպետք է որոշի՝ ով կապրի»,- հայտարարել է Թամամյանը։
Նրա խոսքով՝ այդ պատմությունը եզակի չէ։ Աշխարհում կան քաղցկեղով հիվանդներ, որոնք ամիսներով սպասում են բուժման, բուժաշխատողներ, որոնք համավարակի ընթացքում զրկված էին պատվաստանյութերից, և բժիշկներ, որոնք ռմբակոծությունների պայմաններում ստիպված էին տարհանել հիվանդներին։
Թամամյանի համոզմամբ՝ ԱՀԿ-ի առաջնային խնդիրը պետք է լինի այդ մարդկանց կյանքը փրկելը։
Թամամյանը բարեփոխումների իր ծրագիրը կառուցել է երեք ուղղությամբ՝ «ԱՀԿ՝ մարդկանց համար», «ԱՀԿ՝ երկրների համար» և «ԱՀԿ՝ հաշվետու արդյունքների համար»։
Ծրագիրը ներառում է 12 չափելի պարտավորություն։ Թեկնածուն հայտարարել է, որ եթե ընտրվի և առաջին պաշտոնավարման ընթացքում չիրականացնի դրանց առնվազն 80%-ը, երկրորդ ժամկետի համար չի առաջադրվի։
Նա նաև հանդես է եկել ԱՀԿ-ն քաղաքական ազդեցություններից զերծ պահելու օգտին՝ կոչ անելով անդամ երկրներին թեկնածուներին գնահատել ըստ նրանց փորձի, կատարած աշխատանքի և առաջարկած ծրագրերի։
«Մարդասիրությունը գործնականում նշանակում է մեկ բան՝ կյանքեր փրկել։ Դա է ԱՀԿ-ի հիմնական առաքելությունը»,- ընդգծել է նա։
Թամամյանը չի շրջանցել նաև իր մասնագիտական կենսագրության շուրջ հնարավոր հարցերը։
«Ես երբեք չեմ աշխատել ԱՀԿ-ում, երբեք նախարարություն չեմ ղեկավարել։ Շատերն ինձ անվանում են դրսից եկած թեկնածու»,- ասել է նա։
Որպես առավելություն՝ Թամամյանը ներկայացրել է սահմանափակ միջոցներով առողջապահական ծառայություններ զարգացնելու փորձը։
Նրա խոսքով՝ 2015 թվականին Բոստոնից Հայաստան վերադառնալուց հետո իր թիմի հետ զարգացրել է մանկական ուռուցքաբանական ծառայությունները, նպաստել նոր մասնագետների պատրաստմանը և հիմնադրել կազմակերպություն, որն արդեն ինը տարի աջակցում է երեխաների ու մինչև 25 տարեկան երիտասարդների ախտորոշման և բուժման ծախսերի ապահովմանը։
Թամամյանի ներկայացմամբ՝ ԱՀԿ մասնագետները Հայաստանի մանկական ուռուցքաբանական ծառայությունները գնահատել են հետխորհրդային տարածաշրջանի լավագույններից մեկը։
Նա պատմել է նաև 11-ամյա հիվանդի մասին, որի բուժման ընդունված տարբերակներն այլևս արդյունք չէին տալիս։ Բժշկական թիմի ընտրած նոր մոտեցումից հետո աղջիկը չորս շաբաթ անց կարողացել է ինքնուրույն տուն վերադառնալ։
«Դա ռիսկ էր, բայց ոչինչ չանելն էլ որոշում էր»,- ասել է Թամամյանը՝ ընդգծելով, որ միջազգային առողջապահական կառույցը պետք է աջակցի դժվար որոշումներ կայացնող բժիշկներին։
Ինչպես հայ բժիշկը դարձավ Բոտսվանայի թեկնածուն Ելույթի ընթացքում Թամամյանն անդրադարձել է նաև իր առաջադրման պատմությանը։
Նրա խոսքով՝ չունենալով դիվանագիտական կապեր՝ սկսել է այլ պետության կողմից առաջադրվելու հնարավորություններ փնտրել։ Այդ ընթացքում արհեստական բանականության միջոցով փորձել է գնահատել հաջողության հավանականությունը և ստացել զրոյական գնահատական։
«Բայց ես, միևնույն է, գնացի։ Եվ այսօր այստեղ կանգնած եմ Բոտսվանայի կողմից առաջադրված՝ որպես այս ընտրապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածու»,- հայտարարել է նա։
Գևորգ Թամամյանն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրվել էր Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Կազմակերպության նոր գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականի մայիսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





