Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է լրագրողներին ահաբեկելու մեջ և միջազգային կառույցներից ակնկալում է հրապարակային արձագանք նրա վարքագծին։
Անդրադառնալով միջադեպին՝ միությունը նշել է, որ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի թիրախում «վաղուց արդեն զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են»։
ՀԺՄ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու ու ահաբեկելու փորձերից։
Միությունը նաև հայտարարել է, որ ակնկալում է միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։
ՀԺՄ-ն հիշեցրել է, որ բազմիցս հորդորել է իշխանություններին և նախկին լրագրող Փաշինյանին զսպվածություն ցուցաբերել լրագրողների հետ շփումներում, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից և հարգել նրանց մասնագիտական աշխատանքը։ Միության գնահատմամբ՝ այդ ջանքերն արդյունք չեն տվել։
ՀԺՄ-ն անդրադարձել է նաև լրատվամիջոցների, լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ դատական ակտերով կիրառվող տույժերին ու տուգանքներին՝ դրանք համարելով անհամաչափ և նույնիսկ միջազգային չափանիշներով աննախադեպ։
«Լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին»,- ընդգծել են ՀԺՄ-ում։
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Փաշինյանին ցույց էր տվել Եռաբլուր զինվորական պանթեոնի լուսանկարներ՝ վարչապետին մեղադրելով դրա ընդլայնման համար և հարցնելով, թե երբ է նա դադարեցնելու թշնամական հռետորաբանությունը ընդդիմության նկատմամբ։
Ի պատասխան՝ Փաշինյանը պնդել էր, որ նույն հռետորաբանությամբ է պատասխանում իր հակառակորդներին, լրագրողին մեղադրել է Եռաբլուրի թեման սեփական շահի համար շահագործելու մեջ և բազմիցս նրան անվանել էր «եղկելի»։
«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ հետագայում ևս նույն կերպ է արձագանքելու «Եռաբլուրի» թեման շահարկող անձանց։
Ջեբեջյանի՝ Փաշինյանին դատի տալու մտադրության մասին հայտարարությունից հետո վարչապետը պատասխանել է, որ ինքն էլ լրագրողին դատի տալու առիթներ կգտնի։ Բանավեճն ավարտվել է Փաշինյանի՝ դատարանում հանդիպելու մասին հայտարարությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







