Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի միջև բանավեճ է ծավալվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի ներկայացրած հայտերի և նախկինում կատարված աշխատանքների շուրջ։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Անդրեասյանը հայտարարել է, որ 29 տարվա ընդմիջումից հետո վերջին երեք տարիներին Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացրել պատմամշակութային ժառանգության օբյեկտներին վերաբերող չորս հայտ։ Նրա խոսքով՝ այս տարի ներկայացվել և հավանության է արժանացել նաև Արենի-1 քարանձավի՝ «Նախապատմական կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտը։
Նախարարը հայտնել է, որ նախատեսվում է նաև ներկայացնել հին մայրաքաղաք Արտաշատի, Սյունիքի ժայռափոր բնակավայրերի և Լոռի բերդի հայտերը։ Նրա խոսքով՝ հուշարձանների վերականգնման համար պետական հատկացումներն ավելացել են ավելի քան ութ անգամ՝ 213 մլն դրամից հասնելով 1,79 մլրդ դրամի։
Գալստյանը քննադատել է 29 տարվա ընդմիջման մասին հայտարարությունը՝ հիշեցնելով, որ 1996–2000 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են Հաղպատի և Սանահինի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցը և Գեղարդավանքը։ Նա նախարարին մեղադրել է նախկինում կատարված աշխատանքը նսեմացնելու և հանրությանը ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու մեջ։
«Ես չեմ ասել՝ աշխատանքներ չեն իրականացվել, ես ասել եմ՝ հայտեր չեն ներկայացվել»,- հակադարձել է Անդրեասյանը։
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի մասին է, որտեղ, ըստ նրա, վերջին գրանցումները կատարվել էին 1995 թվականին։ Նա ընդգծել է, որ հուշարձանները նախ ներկայացվում են նախնական ցանկում, ապա կարող են ընդգրկվել հիմնական ցանկում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից ընդգրկված է երեք մշակութային հուշարձանախումբ՝ Հաղպատի և Սանահինի վանքերը (1996 և 2000 թվականներ), Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի հնագիտական վայրը (2000 թվական) և Գեղարդավանքն ու Ազատի վերին հովիտը (2000 թվական)։ Հուշարձանների ընդգրկումը նախնական ցանկում դեռ չի նշանակում դրանց գրանցում Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







