Երևանի «Նոյ» կոնյակի գործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները հայտնել են, որ իրենց բողոքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մոտ զեկուցման փուլում է։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենց խոստացել են դիմումին պատասխանել մինչև նոյեմբերի 17-ի կեսօր։
Ակցիայի մասնակիցներին նաև տեղեկացրել են, որ նոյեմբերի 16-ին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում չի անցկացվի։
«Մենք շարունակելու ենք ակցիաները՝ մինչև կառավարության կողմից հստակ պատասխան ստանանք»,- հայտարարել է մասնակիցներից մեկը։
Բողոքի ակցիային մասնակցել է գործարանի անվտանգության ծառայության 15 նախկին աշխատակից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքում։ Նրանց խոսքով՝ սեպտեմբերի 10-ին ստացել էին հաստիքների կրճատման մասին ծանուցումներ, իսկ նոյեմբերի 10-ին ավարտվել էր երկամսյա ժամկետը։
Աշխատակիցները պնդում են, որ, իրականում, հաստիքները չեն կրճատվել։ Նրանց խոսքով՝ աշխատանքից իրենց ազատելուց հետո անվտանգության ծառայությունում ներգրավել են «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցներին։
Գործարանի անվտանգության հարցերով տնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանը, որը, իր խոսքով, ձեռնարկությունում աշխատել է 16 տարի, հայտնել է, որ նոր կառավարիչներն սկզբում բարենպաստ պայմաններ են խոստացել, սակայն հետագայում իրեն առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել։
Պողոսյանի խոսքով՝ ղեկավարությունը որոշումը պատճառաբանել է աշխատավարձերի ֆոնդի կրճատմամբ և բարեփոխումներով։
Նա պնդել է, որ նախկին աշխատակիցներին փոխարինել են ավելի ցածր վարձատրությամբ աշխատելու պատրաստ անձանցով։
«Ասում ենք՝ ինչո՞ւ եք իրենց բերել, ինչո՞ւ եք այս մարդկանց գործից հանում։ Ասում է՝ դե իրենք էժան աշխատուժ են, 150 000 կգան, կաշխատեն, ձերը մի քիչ շատ է»,- պատմել է Պողոսյանը՝ փոխանցելով ղեկավարության հետ զրույցի բովանդակությունը։
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվածներին չեն առաջարկել ո՛չ այլ պաշտոն, ո՛չ էլ ավելի ցածր աշխատավարձով աշխատանք։ Պողոսյանը նաև հայտնել է, որ նախկին աշխատակիցներից երեքը շարունակել են աշխատել գործարանում։
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ աշխատանքից ազատվածների թվում կան հիփոթեքային պարտավորություններ ունեցող անձինք, հիվանդ ծնողներին խնամողներ և 44-օրյա պատերազմի մասնակից։
Նրանցից Գերասիմ Գասպարյանը հայտնել է, որ նոյեմբերի 11-ին դիմել են Փաշինյանին և կառավարությանը, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Աշխատակիցները պահանջում են պարզաբանել աշխատանքից ազատման պատճառները և վերականգնել իրենց աշխատանքում։
Նրանք չեն բացառել նաև դատարան դիմելու հնարավորությունը։
Նախկին աշխատակիցների հայտարարությունների վերաբերյալ ձեռնարկության ղեկավարության և «Քինգ Մարշալ» ընկերության դիրքորոշումն առայժմ հայտնի չէ։
Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 30-ին «Նոյ» կոնյակն արտադրող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնել էր պետական կառավարման։
«Հրապարակ» թերթը սեպտեմբերին՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պետական կառավարման անցնելուց հետո Ռուսաստանը դադարել է թույլատրել գործարանի արտադրանքի մուտքը երկիր։ Թերթի տվյալներով՝ սահմանին կանգնած էր «Նոյ» կոնյակով բեռնված շուրջ 20 բեռնատար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







