Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայ ընտանիքի վրա հարձակման մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ գործը դատարան է մուտքագրվել նոյեմբերի 16-ին։ Դեռ հայտնի չէ, թե որ դատավորին է այն մակագրվել։
Քննչական կոմիտեից (ՔԿ) Armenia Today-ին նոյեմբերի 13-ին հայտնել էին, որ Մուսաևի գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Մուսաևը մեղադրվում է Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և Շաքի գյուղում բնակվող ընտանիքի վրա հարձակվելու գործով։
Նա հոկտեմբերի 1-ին ներխուժել էր Շաքի գյուղի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։
Կրակոցների հետևանքով վիրավորվել էր տանտիրուհին՝ Անի Ավետիսյանը։ Նա վնասվածքներ էր ստացել ձեռքի և ոտքի շրջանում։ Վնասվածքներ էին ստացել նաև նրա երկու երեխաները։ Ավետիսյանը վիրահատությունների է ենթարկվել և շարունակում է մնալ հիվանդանոցում։ Նրա որդին դաստակի վնասվածքի պատճառով վիրահատվել էր։
Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։ Հոկտեմբերի 2-ին Մուսաևին երկու ամսով դատարանը կալանավորել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







