«Մարտական եղբայրություն» միաբանությունը և չգրանցված «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի (ԱԺ) շենքի դիմաց՝ Սահմանադրության նոր նախագծի և հանրաքվեի անցկացման դեմ։ Armenia Today-ն ակցիան հեռարձակել է ուղիղ եթերում՝ YouTube ալիքով։
Մասնակիցները նախագիծն անվանել են «ալիևյան սահմանադրություն»։ Նրանք բերել են «Արցախը չենք ճանաչում Ադրբեջանի կազմում», «Անկախությունը շարունակական պայքար է», «Ռևանշիստը ես եմ» և «Անբովանդակ միաբովանդակ ԱԺ» գրություններով պաստառներ։
Նոր Սահմանադրության ընդունման գործընթացն ընթանում է Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջների ֆոնին։ Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելը՝ պնդելով, որ հռչակագրում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին հիշատակումը տարածքային պահանջ է ենթադրում։ Երևանը հերքում է Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը։
«Մարտական եղբայրության» անդամ Մասիս Շիրոյանը հայտարարել է, որ միաբանությունը դեմ է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը և առաջարկել է շարունակել դիմադրությունը։
Շիրոյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի և արտաքին այլ ուժերի կողմից իրականացվում է Հայաստանի պետականությունը թուլացնելու քաղաքականություն։ Նա քննադատել է ինչպես իշխանություններին, այնպես էլ խորհրդարանական ընդդիմությանը՝ պնդելով, որ նրանք չեն առաջարկում պայքարը շարունակելու ճանապարհ։
«Մենք պայքարող ենք, ու մենք չենք փորձում ամեն հնարավորն անել, որպեսզի հանձնվենք Ադրբեջանի պահանջներին և Ադրբեջանի գերակայությանը»,- հայտարարել է Շիրոյանը։
«Ազգային հեղափոխություն» չգրանցված կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ելույթում կասկածի տակ է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կայունությունը։ Նրա գնահատմամբ՝ սահմանին կրակոցների բացակայությունը դեռ չի նշանակում, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն է հաստատվել։
Տեր-Աբրահամյանը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հետևանքն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը պատերազմի ավարտը դիտարկել են որպես անհրաժեշտ քայլ, սակայն չեն քննարկել դիմադրությունը շարունակելու հնարավորությունը։
Նա նաև քննադատել է այն քաղաքական գործիչներին, որոնք 2020 թվականի պատերազմից հետո փոխել են Արցախի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ ներկայիս խաղաղությունը ձևավորվել է Ադրբեջանի պայմաններով, և անհրաժեշտ է քննարկել դրա բնույթն ու երկարաժամկետ հեռանկարները։
Միաբանության անդամ Արմեն Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի հարցին՝ հայտարարելով, որ այն փակված չի համարում։
Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի հարցը ծագել է արցախահայության ինքնորոշման պահանջից և հիմնվել համաժողովրդական շարժման վրա։ Նա քննադատել է այն քաղաքական գործիչներին, որոնք, իր գնահատմամբ, հրաժարվել են Արցախյան շարժման նպատակներից։
«Մենք երբեք չենք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում և համաձայն չենք փակել Արցախի հարցը»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Ակցիայի ընթացքում ԱԺ շենքում գտնվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները բյուջեի քննարկման համար։
Ակցիայի ավարտին Շիրոյանը բանաններ է թողել ԱԺ-ի դարպասների մոտ՝ առաջարկելով դրանք փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հստակեցրել է, որ բանաններից մեկն ուտելու համար է, իսկ մյուսը կարող է ով ինչպես ուզի՝ հասկանա։
«Աշխատողները կարող են վերցնել, փոխանցել բանանը վարչապետին»,- ասել է Շիրոյանը։
Բանանի թեման վերջերս հայտնվել էր նաև Փաշինյանի ռիլերում։ Վարչապետը Անթալիայում՝ COP31-ի ընթացքում, և Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ռիլեր է հրապարակել, որոնցում ցուցադրում է բանան և խոսում սննդի մասին։ Դուբլինից նոյեմբերի 12-ին հրապարակված ռիլում նա բանանը հանել է բաճկոնի գրպանից և դրել սեղանին՝ ասելով, որ ժամանել են Դուբլին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






