Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտ, նախնական տվյալներով, Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է օդանավում գտնվող բոլոր 17 անձը, գրում է РЕН ТВ-ն։ Զոհերի մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Կեմերովոյի մարզպետ Իլյա Սերեդյուկը հայտնել է Յագունովո գյուղի շրջանում ավիացիոն պատահարի մասին՝ չհստակեցնելով օդանավի տեսակը և տուժածների թիվը։
Գյուղը գտնվում է Կեմերովո քաղաքից մոտ 13 կմ հեռավորության վրա, իսկ Կեմերովոյի օդանավակայանը՝ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա։
Մարզպետը մեկնել է դեպքի վայր, որտեղ աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Պատահարի հանգամանքները պարզվում են։
Baza Telegram ալիքը գրում է, որ ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ընթացքում։ Տեղի բնակիչները պատմել են, որ երկնքում կրակե հետք են տեսել։
Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն։
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռն իրականացնում էր պլանային թռիչք և կործանվել է անմարդաբնակ տարածքում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







