Նավթի գները նոյեմբերի 20-ի առավոտյան բարձրացել են՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ հութիների հարձակումների և Հորմուզի նեղուցում լցանավերի հետ կապված միջադեպերի մասին տեղեկությունների ֆոնին, հայտնում է Reuters-ը։
Երևանի ժամանակով ժամը 08:04-ի դրությամբ Brent-ի ֆյուչերսները թանկացել են 0,9%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92,77 դոլարի։ Ամերիկյան WTI-ի դեկտեմբերյան պայմանագրերի գինն աճել է 0,3%-ով՝ մինչև 83,46 դոլար։
Չնայած առավոտյան աճին՝ երկու տեսակի նավթն էլ շաբաթական կտրվածքով շարունակում էին անկման ուղղությամբ շարժվել։
Հութիները Եմենում գործող, Իրանի աջակցությունը վայելող զինված շարժում են, որը վերահսկում է երկրի մայրաքաղաք Սանան և հյուսիսային տարածքների զգալի մասը։ 2015 թվականից նրանք հակամարտության մեջ են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հետ, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։
2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո հութիները վերսկսել են հարձակումները Կարմիր ծովում նավերի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի օդանավակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իրանը տարիներ շարունակ շարժմանը տրամադրել է ռազմական աջակցություն, այդ թվում՝ սպառազինություն և տեխնոլոգիաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







