ՀԷՑ-ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու հարցով ՀԾԿՀ նիստը հետաձգվել է, այն կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 10։00-ին։ Նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
9 ժամից ավելի տևած նիստի հետաձգման առաջարկն արել են «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքով արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող երկու օրվա մեջ գերազանցել 4 ժամը։
«Ողջամիտ գործընթաց չի կարող համարվել, որ 8 ժամից ավել այսքան մարդ գտնվի այս սենյակում և շարունակի գործընթացը՝ առանց ռեալ մի քանի ժամանոց ընդմիջման»,- նշել է ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Նա նաև միջնորդություն է ներկայացրել նիստի ընթացքում վկաներ կանչելու և հարցաքննելու մասին։ Միջնորդությունը մերժվել է։
Հաջորդ նիստին նախատեսված են հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը և «Տաշիր կապիտալ»-ի ներկայացուցիչների ելույթները։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսին եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։
Նոյեմբերի 13-ին ՀԾԿՀ-ն սկսել էր քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախագիծը, ինչը ընկերության վերահսկողական կոմիտեն ավելի վաղ սեփականության իրավունքի դեմ բացահայտ ոտնձգություն էր անվանել։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան



































