Հայաստանում անհետ կորածների և բռնի անհետացածների հարազատներին առաջարկել են հանդիպել և երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների հարազատների հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Առաջարկը հնչել է նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և պետական կառույցների կազմակերպած քննարկման ժամանակ։
Երևանում նոյեմբերի 19-ին անցկացված «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին Դուբլինում ադրբեջանական կողմի հետ քննարկել էին անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցով համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու հարցը։ Նրա խոսքով՝ Հայաստանից շուրջ 1000 անհետ կորած կա, որոնցից 777-ը՝ 1990-ականների սկզբից։
Ծնողները թերթին պնդել են, որ հանդիպման մասին ոչ բոլորն էին տեղեկացված, իսկ մասնակցելու հնարավորություն էր տրվել միայն իշխանությունների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ունեցողներին։
Նախաձեռնության հիմքում, լրատվականի տվյալներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ հոդվածն է, որով կողմերը պարտավորվում են համագործակցել և տեղեկատվություն փոխանակել անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։
Ծնողների մեծ մասը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Նրանցից մեկի խոսքով՝ առաջարկվել է, որ երկու երկրի անհետ կորածների հարազատները ճնշում գործադրեն իրենց երկրների իշխանությունների վրա՝ անհետ կորածներին գտնելու նպատակով։
«Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ի՞նչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»,- օրաթերթին ասել է ծնողներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։
Թերթի հետ զրուցած մի քանի ծնող ենթադրել է, որ քննարկմանը մասնակցած «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահ Գոռ Մուրադյանը և անհետ կորածների ծնողներ Սասուն Բադոյանն ու Ասյա Դանիելյանը հնարավոր է՝ համաձայնել են առաջարկին՝ իրենց հարազատների ճակատագրերը պարզելու ակնկալիքով։
Պարբերականը չի ներկայացրել նշված անձանց դիրքորոշումը կամ հանդիպման վերաբերյալ ԿԽՄԿ-ի մեկնաբանությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ անհետ կորածների հարազատների ԴՆԹ տվյալներն առանց նրանց իմացության փոխանցվել էին Ադրբեջանին։ ԱԱԾ-ն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հերքել էր դա՝ նշելով, որ երկու երկրի հանձնաժողովները փոխանակել էին միայն չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլներ, իսկ ծնողների ԴՆԹ պրոֆիլներ չեն փոխանցվել։
Անհետ կորած զինծառայողների ծնողները հուլիսին ակցիա էին անցկացրել կառավարության շենքի մոտ՝ հայտարարելով, որ վեց տարի իշխանություններից որևէ պատասխան չեն ստացել, և պատասխան չլինելու դեպքում ինքնուրույն կսկսեն որոնողական աշխատանքները։
Թերթի տվյալներով՝ արցախյան երկու պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած, որոնցից մոտ 200-ը՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով։
Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հոկտեմբերին Armenia Today-ին տրամադրած տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։ Գերատեսչության՝ 2024 թվականին տրամադրած տվյալներով՝ 1992-2023 թվականներին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմել է 1016 մարդ։
Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ այդ երկրում անհետ կորած է համարվում 4005 մարդ, որոնցից 3999-ը՝ Արցախյան առաջին, իսկ 6-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







