Վանաձորում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած շղթայական ավտովթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից (ՔԿ)։
Գերատեսչության տվյալներով՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ նախաքննություն է ընթանում։
Shamshyan.com-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։ Օտարերկրյա համարանիշներով բեռնատարը բախվել է մի քանի երթևեկող և կայանված ավտոմեքենաների, ապա՝ առևտրի կրպակների և ծառերի։
Լրատվամիջոցի նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնցից երկուսն անչափահաս են։ Տուժածներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկները։ Վնասվել է ավելի քան 15 տրանսպորտային միջոց։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ, պարեկներ և շտապօգնության աշխատակիցներ։ Վթարի հետևանքով նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանը բարձր է գնահատել դեպքին արձագանքած ծառայությունների և վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց աշխատանքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







