Երևանի դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա այդ որոշումն անվանել է անօրինական և որակել «աբսուրդի գագաթնակետ», մատնանշել փաստական հանցակազմի բացակայության մասին։ Ֆերոյանը հայտնել է, որ պաշտպանությունը շարունակելու է պայքարը և բողոքարկելու է դատարանի որոշումը։
«Ապօրինությունը գերակայեց, պարոն Կարապետյանին ապօրինի որոշմամբ կալանավորեցին։ Մեր պայքարը շարունակվելու է»,- ասել է փաստաբանը։
Armenia Today-ը հեռարձակում է իրականացրել դատարանի շենքի մոտից, որտեղ հավաքվել էին Կարապետյանի աջակիցները: Դատավարությունը տևել է ավելի քան 5 ժամ, դատավճռի հրապարակմանը ներկաներն սպասել են ավելի քան 3 ժամ:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էրՀայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։