Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը։ Այս մասին նա հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ասուլիսում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, որում ամրագրված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու դրույթը։ Նախագծում նաև չկա Հայոց ցեղասպանության հիշատակում, ինչպես նաև գործող Սահմանադրության 21-րդ հոդվածով ամրագրված՝ պետական զինանշանի վրա Արարատ լեռան և Նոյյան տապանի պատկերի մասին դրույթը։
Բայրամովի խոսքով՝ Բաքուն հրապարակված նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի տեսնում։ Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ Հայաստանի կողմից նման պահանջների բացակայության դեպքում։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, իսկ դրա ժամկետների որոշումը դուրս է Ադրբեջանի իրավասությունից։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է Ազգային ժողովի 105 մանդատից 64-ը։ ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի աջակցությունը։ Այսպիսով՝ իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 պատգամավորի ձայն։
Նոյեմբերի 20-ին «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Փաշինյանի առաջարկը՝ ապահովել նոր Սահմանադրության հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ վեց ձայնը։ Վարչապետը խոստացել էր հանրաքվեում նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններում այլևս չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Նոյեմբերի 23-ին հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության առաջին նախագիծը, որի նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։ Նույն օրը իր ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը կստորագրի և կվավերացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ այդպիսով հնարավոր կլինի ապահովել «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»։
Ընդդիմությունը բացասական է գնահատել նախագիծը՝ վերահաստատելով, որ չի քվեարկի դրա օգտին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բացառել է վարչապետի հետ նոր Սահմանադրության հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք բերելը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, որ խմբակցության բոլոր 29 պատգամավորները չեն քվեարկելու նոր Սահմանադրության օգտին։ Նա նախագիծն անվանել է «ալիևյան Սահմանադրություն»՝ պնդելով, որ Անկախության հռչակագրին հղումը նախաբանից հանվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։ Նույն խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, իրենք չեն մասնակցի Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






