Հայ դատի միջազգային հանձնախումբը ռոհինջաների վերաբերյալ դատարանի որոշումը կապել է նաև Արցախի հայերի իրավունքների պաշտպանության հետ՝ հիշեցնելով 2023 թվականին Արցախից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումը, տեղեկացնում է ANCA-ն։
Կազմակերպությունը վկայակոչել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության և Լեմկինի ինստիտուտի գնահատականները՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների զոհերի համար արդարադատությունը պետք է ներառի ոչ միայն պատասխանատվությունը, այլև վերադարձի և փոխհատուցման իրավունքը։
Նոյեմբերի 23-ի հայտարարության մեջ Հայ դատի միջազգային հանձնախումբը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 19-ին Մյանմարի վերաբերյալ կայացրած որոշումը, որով, ըստ կազմակերպության, երկիրը պատասխանատու է ճանաչվել 2017 թվականին Ռաքայն նահանգի հյուսիսում ռոհինջաների նկատմամբ իրականացված ցեղասպանության համար։
Հանձնախումբը որոշումը պատմական է գնահատել՝ հայտարարելով, որ առաջին անգամ միջազգային դատարանը պետությանը պատասխանատու է ճանաչել ցեղասպանություն իրականացնելու համար։
Կազմակերպության փոխանցմամբ՝ դատարանը Մյանմարին պարտավորեցրել է ապահովել տեղահանված ռոհինջաների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը, ընտանիքների վերամիավորումը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրումը։
«Զոհերի համար արդարադատությունը նշանակում է ոչ միայն պատասխանատվություն, այլև վերադարձ և փոխհատուցում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայ դատի միջազգային հանձնախումբը հիշեցրել է նաև, որ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվել է 1,5 միլիոն հայ, երբևէ միջազգային դատարանի քննության առարկա չի դարձել, իսկ Թուրքիան շարունակում է ժխտել այն։
Անդրադառնալով Արցախին՝ կազմակերպությունը հիշատակել է նաև ՄԱԿ-ի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի 2023 թվականի հայտարարությունը, որում Արցախի հայերի իրավիճակը ներկայացվել էր ռոհինջաների խնդրի հետ նույն համատեքստում։
Հանձնախումբը համերաշխություն է հայտնել ռոհինջա ժողովրդին և միջազգային հանրությանը կոչ արել միավորել ջանքերը ցեղասպանությունների ժխտման ու անպատժելիության դեմ պայքարում։
Կազմակերպության գնահատմամբ՝ ռոհինջաների վերաբերյալ որոշումը կարող է կարևոր նշանակություն ունենալ նաև ցեղասպանությունների մյուս զոհերի իրավունքների պաշտպանության համար։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանից պահանջել էր ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձը։ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2025 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ արցախցիների վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը 2023 թվականի հոկտեմբերին գնահատել էր արցախցիների բռնի տեղահանումը որպես Արցախը հայկական պատմությունից և ինքնության հետքերից մաքրելու՝ Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի մաս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







