Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը դրական է արձագանքել ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը։
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ։ Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է»,- գրել է նա X-ում։
Քըլըչը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «կառուցողական և անկեղծ գործընկեր»՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործում։
Նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակվում են Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի աջակցությունը։ Նախագծում բացակայում է նաև պետական զինանշանի նկարագրությունը, որը գործող Սահմանադրությամբ ներառում է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







