Երուսաղեմի Հայկական թաղամասում ծայրահեղ ուղղափառ հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ, X սոցիալական ցանցում հայտնել է երուսաղեմաբնակ հայ լրագրող Գեղամ Բալյանը։
Բալյանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հրեական հանգստյան օրվա ընթացքում։
Լրագրողը կատարվածը գնահատել է որպես քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորում։ Նրա պնդմամբ՝ Երուսաղեմում քրիստոնյաների նկատմամբ նման միջադեպերը դարձել են ամենօրյա երևույթ, իսկ դրանց հեղինակները մնում են անպատիժ։
Սա Սուրբ Հակոբյանց վանքի մոտ արձանագրված առաջին նման միջադեպը չէ։ Նոյեմբերի սկզբին Բալյանը հրապարակել էր տեսագրություն, որում մի կին թքել էր վանքի մուտքի ուղղությամբ։ Իսրայելցի ակտիվիստ Իսկա Խարանին միջադեպի առնչությամբ դիմել էր ոստիկանություն, սակայն, նրա ներկայացմամբ, ոստիկանները պատասխանել էին, որ տեսագրությունից ակնհայտ իրավախախտում չի երևում, իսկ առանց պաշտոնական բողոքի քննություն սկսել հնարավոր չէ։
Օգոստոսի 2-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր վեց մարդու՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի ձերբակալման մասին։ Նրանք կասկածվում էին վանքի մուտքի վրա թքելու, դարպասներին հարվածելու և համալիրի պատին քարեր նետելու մեջ։
Կրոնական ազատության տվյալների կենտրոնի (RFDC) տվյալներով՝ 2025 թվականի հուլիս-սեպտեմբերին կազմակերպությունը գրանցել է 106 ոտնձգություն՝ 96 միջադեպի շրջանակում։ Երուսաղեմի Հին քաղաքում արձանագրվել է 77 դեպք, որոնցից 45-ը՝ Հայոց պատրիարքարանի փողոցում։
Սուրբ Հակոբյանց վանքը գտնվում է Երուսաղեմի Հայկական թաղամասում և Հայոց պատրիարքարանի նստավայրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







