«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերահսկողական կոմիտեն սեփականության իրավունքի դեմ բացահայտ ոտնձգություն է անվանել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախաձեռնությունը։
Կոմիտեից նշել են, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան նոյեմբերի 13-ին հանձնաժողովը նախատեսում է դադարեցնել։ Կոմիտեից հավելել են, որ լիցենզիայի դադարեցման նախաձեռնության հիմում որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկ չկա։
«Սա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ։
Կոմիտեն ՀԷՑ-ի շուրջ գործընթացը կապել է Կարապետյանի նկատմամբ հունիսից սկսած հետապնդման հետ։
«Գործընթացն սկսվել է այն պահից, երբ Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։ Այժմ նույն մեխանիզմն օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։ Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով»,- ընդգծել են կոմիտեից։
Կոմիտեն հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության «արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը»:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Ավելի ուշ «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով: Նոյեմբերի 10-ին ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախագիծ էր հրապարակել։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան





































