Firebird ընկերությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հրազդանում կստեղծեն արհեստական բանականության (ԱԲ) կրթական և նորարարական կենտրոն, հայտնել են ընկերությունից։
Կենտրոնի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։
Նախաձեռնությունը ներկայացվել է նոյեմբերի 23-ին՝ «Դիջիթեք 2026»-ի շրջանակում։ Firebird x UATE AI Hub կենտրոնը կմիավորի ճարտարագիտական կրթությունը, արհեստական բանականության կիրառական ուսուցումը և տեխնոլոգիական նախագծերի զարգացումը։
Կենտրոնում նախատեսվում է ստեղծել ռոբոտաշինության և էլեկտրոնիկայի աշխատանոցներ, ԱԲ ստուդիա, դասասենյակներ և տեխնոլոգիական նախագծերի մշակման տարածքներ։
Կենտրոնը բաց կլինի բոլորի համար։ Այստեղ կանցկացվեն դպրոցականների և ուսանողների համար կրթական ծրագրեր, ուսուցիչների վերապատրաստումներ, մասնագետների և ընկերությունների համար ԱԲ դասընթացներ, հաքաթոններ և սկսնակ տեխնոլոգիական թիմերի զարգացման ծրագրեր։
Կենտրոնի ծրագրերից մեկը նախատեսված կլինի «Արմաթի» սաների համար, որոնք կկարողանան խորացնել իրենց գիտելիքները կիրառական արհեստական բանականության, իրերի ինտերնետի և ավտոմատացման ոլորտներում։ Հայաստանում ներկայում գործում է «Արմաթի» 650 աշխատանոց, որտեղ սովորում է 17 հազար աշակերտ։
Firebird-ը կենտրոնի ռազմավարական հիմնադիր գործընկերն է, իսկ ԱՏՁՄ-ն կղեկավարի կենտրոնը՝ համակարգելով կրթական ծրագրերը և ներգրավելով նոր գործընկերներ։
Firebird-ը 2025 թվականին հայտարարել էր ՀՀ կառավարության և NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրի մասին։
ՀՀ կառավարությունը 2026 թվականի ապրիլին Firebird-ի հետ պայմանագիր էր ստորագրել՝ հինգ տարի ժամկետով 25 մլն դոլար արժողությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք բերելու համար։ Firebird-ը 2026 թվականի օգոստոսին Հրազդանում պաշտոնապես բացել էր արհեստական բանականության գործարանը։
Նոյեմբերի 22-ին հայտնել էինք նաև Հայաստանում ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ARPI (Armenian Robotics & Physical Intelligence) կենտրոնի գործարկման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







