«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր հանդիսացող «Տաշիր Կապիտալ» ընկերությունն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման 2-րդ առաջարկն է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
ՀԷՑ-ի անունից առաջին առաջարկը ներկայացվել էր հունիսի 6-ին։ Գնիջեցման առաջարկի հիմքում 2024-ի նոյեմբերից 2025-ի մայիս խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամի դրական հաշվեկշիռն է։ ՀԾԿՀ-ն հունիսի 13-ին առաջարկը մերժել էր՝ հոկտեմբերի 29-ին պատճառաբանելով, որ եթե հիմա վերանայեն՝ կարող է հակառակ էֆեկտ լինել՝ հոսանքի գինը բարձրանա։
Սակայն նոր տվյալները, իրավաբանների կարծիքով, հաստատում են կայուն տնտեսումը և սակագների վերանայման հիմքեր ստեղծում։ Փաստաբան Վարդան Ալոյանը լրագրողներին հայտնել է, որ դրական հաշվեկշիռն այս պահի դրությամբ արդեն 6 մլրդ դրամի է հասել, ինչը երկրորդ անգամ սակագինը նվազեցնելու առաջարկի հիմք է տալիս։
Նա նշել է, որ բացի «Տաշիր Կապիտալից», դիմումը ներկայացրել են նաև ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, ինչպես նաև ընկերության տնօրենների խորհուրդը։ Փաստաբանն ընդգծել է, որ երեք ուղղությամբ են դիմում ներկայացրել, որ հանձնաժողովը չկարողանա տեխնիկական վերադարձ անել ու դիմումը չքննարկել՝ պատճառաբանելով, թե տնօրենի լիազորությունները սահմանափակված են։
Փաստաբանը հույս է հայտնել, որ հանձնաժողովը կքննի դիմումն ու կնվազեցնի սակագինը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը շեշտել է, որ, իրենց հաշվարկներով՝ կա սակագինը նվազեցնելու հնարավորություն։ Նա ընդգծել է, որ հենց հիմա է սակագինն իջեցնելու ամենահարմար ժամանակը, քանի որ առջևում ձմեռ է, և մարդիկ կարող են խնայողություն անել։
Նա նշել է սակագինը նվազեցնելու շուրջ հասարակական պահանջի ձևավորման անհրաժեշտության մասին։
«Սակագինն իջեցնելու պահանջը պետք է ֆլեշմոբ դառնա։ Պետք է հանրային պահանջ ձևավորենք այն մասին, որ այսօր ստեղծված սոցիալ-տնտեսական բեռի պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդի համար հենց ձմռանն իջեցնեն սակագինը»,- հավելել է նա։
Մելոյանն այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջը՝ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանավորել են միայն խոսքի ազատության հիմնարար իրավունքի իրացման հիմքով։ Նա հավելել է, որ դրանից հետո անմիջապես սկսել է սեփականության իրավունքի ոտնահարում՝ ՀԷՑ-ի «ազգայնացում», ինչն ընկերությունն ապօրինաբար խլելու գործընթաց է անվանել։
«Երկրում կոպտորեն խախտում են սեփականության իրավունքը։ Սա հակիրավական գործընթաց է և, բացառապես, քաղաքական թիրախավորման հետևանքով երկիրը հեղինակազրկվում է, կորցնում գրավչությունը դրսից ներդրողների համար։ Այն, ինչ տեղի ունեցավ ՀԷՑ-ի հետ, չի տեղավորվում իրավական գործընթացի տրամաբանության մեջ»,- հավելել է Մելոյանը։
Հունիսին Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց էր նախաձեռնել։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։
Հուլիսին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամով:
Կարդացեք նաև՝




































