Վրաստանն ուշադիր հետևում է TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացմանը, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա նոյեմբերի 24-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է նախագծի նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդման համար։
«Մենք նաև ընդգծել և քննարկել ենք TRIPP նախաձեռնության կարևորությունը, որը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդման տեսանկյունից։ Մենք ուշադիր հետևում ենք այս ուղղությամբ տարվող աշխատանքներին և կարծում, որ Հարավային Կովկասի ամրապնդմանն ու տրանսպորտային կապերի զարգացմանը նպաստող բոլոր նախագծերն անկասկած կարևոր են մեր տարածաշրջանի համար»,- ասել է Բոչորիշվիլին։
Նա հավելել է, որ Բայրամովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև համաշխարհային գործընթացները և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հայտարարել էր TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի և Սյունիքում շինարարության նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել էր նախագծի մեկնարկը։
TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային երթուղի ստեղծել՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







