Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու նախագիծ է ներկայացրել։ Հանձնաժողովի նախագծում նշել են մի շարք խնդիրներ, որոնք, ըստ ՀԾԿՀ-ի, ընկերությանը լիցենզիայից զրկելու հիմք են հանդիսանում։
Հիմք ընդունելով ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրությունները՝ նախագծում նշել են, որ բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (ԲԷԱՀ) միացված է շուրջ 700 հազար սպառող։ Նշվում է, որ ՀԷՑ-ի մասով հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ընկերությունը «չի ապահովել 700 հազար սպառողի սպառման տվյալների ամբողջական գրանցումը և պահպանումը»։
Հաջորդ կետով նախագծում ընդգծել են սպառողների սպառած էլեկտրաէներգիայի քանակի թերգրանցումների և հավելագրումների մասին, որոնք, ըստ Պետրոսյանի գրության, հայտնաբերվել են «Գեղամա», «Արաքս», «Ղարս», «Դեբեդ» մասնաճյուղերում։ ՀԾԿՀ-ում նշել են, որ «թերգրանցումները և հավելագրումները համակարգված և համատարած են», ինչի հետևանքով հանձնաժողովը «զրկվել է համակարգի վիճակը ճիշտ գնահատելու հնարավորությունից»։
«Վարչական վարույթի շրջանակում փաստվել է ընկերության կողմից, ընդհանուր առմամբ, 1 207 710 կիլովատ/ժամ թերգրանցման, 110 969 կիլովատ/ժամ հավելագրման, ինչպես նաև ընկերության էլեկտրական ցանցերի թվով 7 վարչական շենքի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի փաստված 727 000 կիլովատ/ժամ և գնահատված 3 132 319 կիլովատ/ժամ հավելյալ ծախսերը»,- ընդգծել են նախագծում։
Նախագծի երրորդ կետում նշել են միացումների մասով գրանցած խնդիրների մասին։
«2025-ի առաջին եռամսյակի դրությամբ՝ նոր միացման գործընթացների ուսումնասիրության արդյունքում վեր է հանվել էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման 2187 խախտման դեպք»,- ասված է նախագծում։
Հանձնաժողովի նախագծում ընկերությանը մեղադրել են նաև սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ «ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու մեջ»՝ նշելով, որ «ընդհատման 207 դեպք բացակայել է հանձնաժողով ներկայացրած տեղեկատվությունից»։
Հաջորդ կետում նշված է, որ «ընկերության կողմից տրամադրվել են երաշխավորություններ/երաշխիքներ «Տաշիր» ընկերությունների խմբում ընդգրկված մի շարք կազմակերպությունների»։ Նախագծում, միևնույն ժամանակ, հավելել են, որ «Ամերիա» և «Արդշին» բանկերը ՀԷՑ-ի կողմից ստանձնած այդ երաշխավորությունների գործարքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրել։
«Վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀԷՑ-ն իր դրամական միջոցներով, ամբողջ շարժական ու անշարժ գույքով, ստանձնել է բազմաթիվ երաշխավորություններ իր հետ ենթադրյալ տնտեսական շահ ունեցող կազմակերպությունների՝ տարբեր ժամանահակատվածներում շուրջ 700 մլն դոլարը գերազանցող վարկային պարտավորությունների դիմաց»,- նշել են նախագծում։
ՀԷՑ-ին մեղադրել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգն «իր գործունեությանը չառնչվող անձանց ֆինասավորմանը ծառայեցնելու մեջ, ինչն ընկերության հետագա գործունեության համար ռիսկեր է ստեղծել»։ Ընկերությանը մեղադրել են նաև «ոչ արդյունավետ, տնտեսապես չհիմնավորված» կառավարման մեջ։
Հանձնաժողովը նաև հայտարարել է, որ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Ավելի ուշ «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով:
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան





































