Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին խոցել է Եմենի հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երեք բալիստիկ հրթիռ, հայտնում է Reuters-ը։
Ականատեսի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի երկնքում երևացել է ծխի հետք թողնող թռչող օբյեկտ, որից կարճ ժամանակ անց ուժեղ պայթյունի ձայն է լսվել։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ներկայացվել։
Հարձակումը վերջին օրերի ընթացքում երկրորդն է։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոյեմբերի 20-ին հայտարարել էր Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստին, ինչպես նաև Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների հրթիռային և անօդաչու թռչող սարքերի օբյեկտներին հարվածելու մասին։
Ի պատասխան՝ հութիները սպառնացել էին հարվածներ հասցնել Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին և ավիաընկերություններին կոչ արել խուսափել երկրի օդային տարածքից։ Շարժումը նաև հայտարարել էր Սաուդյան Արաբիայի հարավում էլեկտրակայանի և նավահանգստի վրա հարձակումների մասին։
Նոյեմբերի 19-ին հութիների հարձակման հետևանքով վնասվել էր Էր Ռիադում գտնվող Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի (PIF) շենքը։
Սաուդյան Արաբիան ավելի քան տասը տարի աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը՝ հութիների դեմ հակամարտությունում։ Ռազմական գործողությունները, որոնք հիմնականում դադարել էին 2022 թվականին, վերսկսվել են 2026 թվականի հուլիսին։
Հութիները վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան և Կարմիր ծովի առափնյա տարածքների զգալի մասը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







