Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ Երևանից Բեռլին վերադարձի թռիչքը նոյեմբերի 19-ին ավելի քան մեկ ժամով հետաձգվել է Թուրքիայի օդային տարածքի որոշ հատվածների փակման պատճառով, հայտնում է գերմանական Welt-ը՝ հղում անելով ինքնաթիռի հրամանատարին։
Գերմանիայի զինված ուժերի կառավարական Airbus ինքնաթիռը, որով թռչում էին նախարարն ու նրա պատվիրակությունը, պետք է Երևանից մեկներ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով մոտ 05:00-ին (Երևանի ժամանակով՝ 08:00-ին)։ Սակայն անձնակազմին տեղեկացրել են, որ Թուրքիայի մի քանի օդային գոտիներ փակ են, և նախատեսված երթուղին հնարավոր չէ օգտագործել։
Ինքնաթիռի հրամանատարի խոսքով՝ անձնակազմը Քյոլնում գտնվող կառավարական ավիացիայի հրամանատարության հետ համատեղ այլընտրանքային երթուղի էր փնտրում՝ հնարավորինս արագ Գերմանիա վերադառնալու համար։ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով մոտ 06:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) նա հայտնել է, որ ինքնաթիռին նոր երթուղի է տրամադրվել։
Թուրքիայի օդային տարածքի որոշ հատվածների փակման պատճառները չեն նշվում։
Վադեֆուլը նոյեմբերի 17–18-ին այցելել էր Ադրբեջան և Հայաստան, որտեղ քաղաքական բանակցություններ էր վարել։ Դրանք վերաբերել են, մասնավորապես, տարածաշրջանի՝ Եվրոպային մերձենալու հեռանկարներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







