Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը (ECPA) մտահոգություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ և Հայաստանի իշխանություններին կոչ արել պահպանել իրավունքի գերակայությունը, երաշխավորել արդար դատաքննության իրավունքն ու ապահովել սահմանադրական փոփոխությունների ազատ քննարկման հնարավորությունը։ Այս մասին ասվում է խմբի հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխություններին նրա կտրուկ ընդդիմանալուց անմիջապես հետո։ Նրանց գնահատմամբ՝ կալանավորման ժամանակը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանում ժողովրդավարական երաշխիքների և քաղաքական բազմակարծության վիճակի վերաբերյալ։
ECPA-ն նաև հայտնել է, որ Հայաստանում կալանքի տակ են ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդներ։ Խումբը ստեղծված իրավիճակը կապել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի՝ սեպտեմբերին հրապարակված զեկույցում բարձրացված մտահոգությունների հետ։
Զեկույցում դիտորդները գրել էին, որ ընտրակաշառքի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները գրեթե ամբողջությամբ առնչվել են ընդդիմությանը կամ ընդդիմության հետ կապ ունեցող գործարար շրջանակներին։ Փաստաթղթի պատրաստման պահին այդ գործերով մեղադրական դատավճիռների բացակայությունը, ըստ դիտորդների, հարցեր է առաջացրել քրեական հետապնդումների ընտրովի կիրառման և պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման վերաբերյալ։
Խմբի գնահատմամբ՝ արձանագրված խնդիրներին արձագանքելու փոխարեն՝ իշխանությունները շարունակում են քրեական վարույթներն ու խիստ խափանման միջոցներն օգտագործել՝ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ ընդդիմության ձայնը լռեցնելու համար։
ECPA-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել պահպանել Եվրոպայի խորհրդի հիմնարար չափանիշները և ապահովել սահմանադրական փոփոխությունների ազատ քննարկումն առանց ճնշումների։ Խումբը նաև հայտնել է, որ շարունակելու է հետևել զարգացումներին և պաշտպանել ժողովրդավարական սկզբունքները, քաղաքական բազմակարծությունն ու իրավունքի գերակայությունը։
Միևնույն ժամանակ, ընտրությունների վերաբերյալ զեկույցում դիտորդները դրական են գնահատել քվեարկության կազմակերպումը՝ նշելով, որ ընտրողներն ունեցել են իրական քաղաքական ընտրության հնարավորություն։ Այդուհանդերձ, նրանց մտահոգությունների շարքում են եղել նաև քարոզարշավի անհավասար պայմանները, վարչական ռեսուրսի չարաշահումն ու արտաքին միջամտությունը։
Դիտորդների առաջարկությունների թվում եղել է նաև Հայաստանի իշխանություններին ուղղված կոչը՝ դադարեցնել ընդդիմության ընտրովի քրեական հետապնդումը և ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանումը։
Կարապետյանին առաջին անգամ կալանավորել էին 2025 թվականի հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Դատարանը նույն տարվա դեկտեմբերի 30-ին նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով և գրավով։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 5-ին Կարապետյանին երկրորդ անգամ կալանավորել էր՝ մեկ ամսով, «Հայաստանի էլեկտրական ցանցերին» առնչվող քրեական գործով։
Քննչական կոմիտեի վարկածով՝ Կարապետյանի կազմակերպմամբ մի խումբ անձինք հափշտակել են ընկերության միջոցներն ու իրականացրել փողերի լվացում։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը որոշումն անհիմն էր համարել և հայտնել, որ պաշտպանությունը կբողոքարկի այն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







