Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենչժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին գրում է Reuters-ը։ Սա երեք ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումն է։
Սպիտակ տան ժամանակացույցով՝ հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 14:30-ին Կիլին վիլլայում (Kylin Villa)․ Երևանի ժամանակով դա ժամը 10:30-ն է։ Սպիտակ տունը հանդիպման մասին հայտարարել է նոյեմբերի 13-ին, իսկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաջորդ օրը հաստատել է, որ կողմերը համաձայնության են եկել։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հանդիպումը որակել է «ուղենշային նշանակության»։ Նրա խոսքով՝ առաջնորդները կքննարկեն համաշխարհային խաղաղության ապահովման և մեծ տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության խթանման հարցերը։ Պեկինը պաշտոնական օրակարգ չի հրապարակել, իսկ միջուկային սպառազինությունների և Իրանի մասին հարցին Մաոն կոնկրետ թեմաներ չի հաստատել։
Հանդիպմանն ընդառաջ կողմերը ներկայացրել են իրենց ակնկալիքները։ Նոյեմբերի 18-ին APEC-ի գործարար գագաթնաժողովում Պուտինը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններից մեծ օգուտ է ակնկալում։ Նա ընդգծել է, որ համաշխարհային տնտեսության մասնատման և ռազմաքաղաքական ռիսկերի պայմաններում անհրաժեշտ է համագործակցություն, ոչ թե մեկուսացում։
Վաշինգտոնն առանձնացրել է միջուկային սպառազինությունների կրճատման թեման։ Սպիտակ տան խոսնակ Օլիվիա Ուելսի խոսքով՝ Թրամփը մտադիր է այն բարձրացնել հանդիպման ժամանակ։ Reuters-ի հետ զրույցում ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն այդ հարցով համաձայնության չի ակնկալում և բանակցությունները դիտարկում է որպես հետագա երկխոսության սկիզբ։
Թեմայի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի (New START) գործողության ժամկետը լրացել է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների ռազմավարական զինանոցները իրավական պարտավորություններով չեն սահմանափակվում։
Այս հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են։ Reuters-ի տվյալներով՝ Չինաստանը նախկինում մերժել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների շուրջ բանակցություններին միանալու առաջարկները՝ պատճառաբանելով, որ երկու երկրների զինանոցները զգալիորեն ավելի մեծ են, և կրճատումների շուրջ նախ նրանք պետք է բանակցեն։ Պեկինի գնահատմամբ՝ այս փուլում Չինաստանից եռակողմ բանակցություններին մասնակցելու սպասելիքն ո՛չ արդար է, ո՛չ իրատեսական։ South China Morning Post-ի տվյալներով՝ քննարկվել կարող է նաև միջուկային զինանոցներում արհեստական բանականության կիրառման կարգավորումը։
Միջուկային սպառազինություններից բացի՝ ամերիկյան կողմը նախատեսում է քննարկել նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը։ Նույն պաշտոնյան նոյեմբերի 13-ին ասել էր, որ ուկրաինական հարցը եռակողմ ձևաչափով քննարկելու մասին խոսք չկա։
Մոսկվան քննարկվելիք թեմաների ամբողջական ցանկը չի հրապարակել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ օրակարգն արդեն ձևավորված է, հանդիպումը «օգտակար կլինի բոլոր հանգամանքներում», և ղեկավարները նաև ազատ մտքեր փոխանակելու հնարավորություն կունենան, գրում է «Կոմերսանտը»։ Թերթը հիշեցնում է, որ Թրամփն ինքը ասել էր, թե առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և միջուկային զինաթափման թեմաները, իսկ հանդիպման մի մասը կանցկացվի բաց ձևաչափով։
Եռակողմ հանդիպումից առաջ՝ նոյեմբերի 18-ին, Շենչժենում տեղի են ունեցել Պուտինի և Սի Ծինփինի երկկողմ բանակցությունները։ ՌԲԿ-ի տվյալներով՝ դրանք տևել են մոտ երկու ժամ և այս տարի երկու նախագահների հինգերորդ շփումն են։ Բանակցությունների սկզբում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական համագործակցությունը կայուն և դրական է զարգանում։ Նրա խոսքով՝ Պեկինի նախաձեռնությամբ ներդրված վիզայից ազատ ռեժիմի շնորհիվ երկու երկրների զբոսաշրջային հոսքն աճել է 43 տոկոսով։ Սի Ծինփինն իր հերթին կարևորել է բազմաբևեռ աշխարհի ձևավորումն ու միջազգային հարաբերությունների ժողովրդավարացումը։
Այս բանակցությունների տնտեսական օրակարգը նախօրոք ներկայացրել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը․ այն ներառում է էներգետիկան, ֆինանսները, բարձր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը։
Եռակողմ հանդիպմանը հետևում է նաև Թայվանը։ Նախագահի գրասենյակը հայտնել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ։ Գրասենյակի խոսնակ Կարեն Կուոն ասել է, որ Թայվանը դրական է գնահատում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող ջանքերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






