Արդարադատության նախարարությունն առաջարկում է վիրավորանքի և զրպարտության համար սահմանել փոխհատուցման նվազագույն չափեր, ինչպես նաև վերանայել հիմնարար իրավունքների խախտման, անարդարացի դատապարտման և խոշտանգման համար վճարումները։ Նախագիծը նոյեմբերի 16-ին հրապարակվել է e-draft.am հարթակում։
Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ վիրավորանքի դեպքում փոխհատուցման նվազագույն չափը կկազմի 1 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամ։ Առավելագույն չափերը կմնան նույնը՝ համապատասխանաբար 3 մլն և 6 մլն դրամ։ Այժմ օրենսդրությամբ սահմանված են միայն վերին շեմերը։
Կյանքի իրավունքի խախտման դեպքում նախագիծը նախատեսում է 3-ից 8 մլն դրամ փոխհատուցում, Օրենսգրքում թվարկված հիմնարար իրավունքների այլ խախտումների և անարդարացի դատապարտման դեպքում՝ 1-ից 4 մլն դրամ։ Խոշտանգման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի նվազագույն փոխհատուցումը կարող է կազմել 4 մլն դրամ։ Առավելագույն շեմ չի նախատեսվում։
Նախարարությունը նախաձեռնությունը հիմնավորել է անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի և հիմնարար իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև պատճառված վնասի համաչափ հատուցման անհրաժեշտությամբ։
Միաժամանակ նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցումը չպետք է նշանակվի ավտոմատ կերպով։ Առաջնահերթ են հերքումը, հրապարակային ներողությունը և դատական ակտի հրապարակումը, իսկ նախագծի հեղինակների պարզաբանմամբ՝ դրամական հատուցումը կիրառվում է, եթե դատարանը դրանք համարում է անբավարար։
Հայաստանի ինը լրագրողական կազմակերպություն դեմ են արտահայտվել առաջարկվող փոփոխություններին և պահանջել են նախարարությունից հետ կանչել նախագիծը։ Նոյեմբերի 18-ի համատեղ հայտարարության մեջ նրանք զգուշացրել են, որ նվազագույն փոխհատուցումները կարող են ֆինանսական ճնշման սպառնալիք դառնալ լրատվամիջոցների համար և սահմանափակել խոսքի ազատությունը։ Նրանք ընդգծել են, որ նպատակ չունեն պաշտպանելու վիրավորողներին և զրպարտողներին։
Կազմակերպությունների գնահատմամբ՝ նախագիծը փաստացի ի չիք է դարձնում վերջին տարիների պրակտիկան, երբ դատարանները ոչ միայն մերժում էին առավելագույն՝ 3 և 6 մլն դրամի պահանջները, այլև նշանակում էին տասնյակ անգամ ցածր գումար։ Ստորագրողներն ընդգծում են, որ դա համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին և ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմանը․ փոխհատուցում նշանակելիս պետք է հաշվի առնել լրատվամիջոցների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։
Կազմակերպությունների դիտարկմամբ՝ երբ դատարանները նշանակում են, օրինակ, 200-300 հազար դրամ, հայցվորները, որպես կանոն, չեն բողոքարկում որոշման այդ մասը։
Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ քաղաքական գործիչները և բարձրաստիճան պաշտոնյաները կարող են վիրավորանքի և զրպարտության հայցերն օգտագործել քննադատական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար։
Լրագրողական համայնքի ներկայացուցիչներն անբավարար են համարում նախարարության այն պարզաբանումը, որ դրամական փոխհատուցումը չի նշանակվելու ավտոմատ։ Նրանց կարծիքով՝ նախագիծը չի պարունակում երաշխիքներ, որ նոր նորմերը խմբագրությունների վրա ֆինանսական ճնշում գործադրելու գործիք չեն դառնա։
Բացի այդ՝ նրանք պահանջել են բաց քննարկումներ անցկացնել մեդիայի ներկայացուցիչների հետ և նախագիծը փորձաքննության ուղարկել Եվրոպայի խորհուրդ և այլ միջազգային կառույցներ։
Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստանը, «Ասպարեզ» լրագրողների ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունները, ինչպես նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։
Խորհրդարանը 2021 թվականի մարտին վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման առավելագույն չափերը բարձրացրել է համապատասխանաբար մինչև 3 և 6 մլն դրամ։ Նույն թվականի հոկտեմբերին Լրագրողների միջազգային և եվրոպական դաշնությունները քննադատել են փոփոխությունները՝ զգուշացնելով խոսքի ազատության համար ռիսկերի մասին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2022 թվականի հունվարին հայտնել է, որ 2021 թվականին լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու զրպարտության 60 հայց է ներկայացվել։
Նախագծի հանրային քննարկումը տևում է նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 1-ը։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը։ Նոր շեմերը կկիրառվեն միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասի նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







