Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը (ՄՍՇՊՀ) հակամրցակցային համաձայնության համար ընդհանուր շուրջ 87,5 մլն դրամով (մոտ 230 հազար դոլար) տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորներին՝ «Վիվա Արմենիա», «Յուքոմ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերություններին, հայտնել է հանձնաժողովը։
ՄՍՇՊՀ-ի տվյալներով՝ օպերատորները գրեթե միաժամանակ փոխել են «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով միջնորդավճարները նվազեցնելու նույնանման առաջարկներ։
Նոր սակագների շուրջ համաձայնության չգալուց հետո օպերատորները միակողմանիորեն լուծել են այդ կազմակերպությունների հետ գործող պայմանագրերը։ Հանձնաժողովի եզրակացությամբ՝ դա նպատակ է ունեցել առաջ մղելու օպերատորների հետ փոխկապակցված «Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ» վճարային համակարգերը։
ՄՍՇՊՀ-ն պարզել է, որ պայմանագրերի լուծումից հետո կտրուկ աճել են օպերատորների սեփական վճարային հավելվածների ներբեռնումները, հաճախորդների թիվը և վճարային հոսքերը։
Հանձնաժողովի տվյալներով՝ այդ աճը նվազել է միայն իր միջամտությունից հետո։
ՄՍՇՊՀ-ն 2026 թվականի փետրվարին միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները։ Դրանից հետո սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





