Ռուսաստանի դատախազությունը հայտարարել է, որ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում, հետևաբար նրանց նկատմամբ քրեական վարույթը պետք է կարճվի, իսկ խափանման միջոցը՝ վերացվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում։ Այդ հիմքով գործը ենթակա է կարճման, իսկ խափանման միջոցը՝ վերացման»,- հայտարարել է դատախազը։
Մոսկվայի Բասմանի դատարանը նոյեմբերի 18-ին քննել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանի բողոքը՝ կապված քննիչի կողմից գործի քննությունը ձգձգելու և մեղադրյալի նկատմամբ սահմանված սահմանափակումները վերացնելու պահանջը մերժելու հետ։
Գործակալության տվյալներով՝ դատարանը քննիչի գործողությունները ճանաչել է անօրինական և պարտավորեցրել կրկին քննարկել փաստաբանի միջնորդությունը։ Նմանատիպ որոշում էր կայացվել նաև նախորդ օրը՝ քննիչի մեկ այլ մերժման վերաբերյալ։
Դատախազը հայտարարել է, որ քննիչը կոպտորեն խախտել է քրեական վարույթի ողջամիտ ժամկետի պահանջները։ ՌԴ գլխավոր դատախազությունը նաև անհրաժեշտ է համարել Մարիա Խաչատուրյանի նկատմամբ քրեական վարույթի կարճումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Խաչատուրյան երեք քույրերը՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, մեղադրվում են 2018 թվականի ամռանը իրենց հորը դանակով և մուրճով բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ, որոնց հետևանքով վերջինս մահացել էր։
Քույրերը հայտարարել էին, որ հայրը տարիներ շարունակ իրենց նկատմամբ սեռական բռնություն է գործադրել։ 2021 թվականին անցկացված փորձաքննությունը հաստատել էր նրանց ցուցմունքների արժանահավատությունը։
Քննության ընթացքում փորձագետները եզրակացրել էին, որ կրտսեր քույրը հոր սպանության պահին չէր գիտակցում իր գործողությունների բնույթը։ Ավագ երկու քույրերին ճանաչել էին մեղսունակ, իսկ պաշտպանությունը միջնորդել էր նրանց գործը քննել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։
Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանն ապրիլի 21-ին Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մեղավոր էր ճանաչել երեք դուստրերի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան հիմքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







