Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը նոյեմբերի 11-ին «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նպատակահարմար է համարել սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փակ բնույթի փաստաթղթերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վստահ եմ, որ կսահմանափակվի հասանելիությունը որոշ փաստաթղթերի նկատմամբ, որոնք ընդհանրապես փակ բնույթ են կրում»,- ասել է Ռիժենկովը։
Նրա գնահատմամբ՝ գաղտնի տեղեկությունները կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների շահերին հակառակ։ Բելառուսի ԱԳ նախարարը Հայաստանին անվանել է «կեղծ դաշնակից» և կասկած է հայտնել, թե նման երկրին պետք է տրամադրել փակ փաստաթղթերին լիարժեք հասանելիություն։
Ռիժենկովը նաև պնդել է, որ ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցության նկատմամբ վերաբերմունքը փոխել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Նա Հայաստանի դիրքորոշումը բնութագրել է որպես «պասիվ մասնակցություն»՝ մեղադրելով Երևանին կազմակերպությունների ընձեռած առավելություններից ընտրողաբար օգտվելու մեջ։
Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է գազի և նավթի գներին, ինչպես նաև ապրանքների փոխադրման հնարավորություններին՝ պնդելով, որ Հայաստանը ցանկանում է օգտվել տնտեսական առավելություններից՝ առանց ինտեգրացիոն կառույցների մյուս նպատակներին աջակցելու։
Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել է Հայաստանին զրկել կազմակերպությունում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքներից։ Գագաթնաժողովի մասնակիցները նշել են, որ դա պայմանավորված է ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ երկու տարվա պարտքը չմարելով։
Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին, ՀԱՊԿ-ը պնդում է, որ երկիրը դադարեցրել է անդամավճարների վճարումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







