Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, հայտնում է Մայր Աթոռը։
4 օր տևած ժողովն արձանագրել է, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքներն ու խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա, և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին: Խորհուրդը կրկին կոչ է արել իրավապահ մարմիններին հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց։
Ընդգծվել է Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլերը։
Հոգևոր խորհուրդն անդրադարձել է նաև Բաքվում պահվող զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատական գործընթացներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը։ Ընդգծվել է գերիների հարցի նկատմամբ շարունակական ուշադրության և համակարգված քայլերի անհրաժեշտությունը։
ԳՀԽ-ն կարևորել է միջազգային ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։
Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայոց պատմության դասագրքերում իրադարձությունների աղճատման առթիվ, նշել է, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը։
Մայիսի 29-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Հայաստանում կալանքի տակ է Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ազատազրկման է դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ (նախկինում՝ Տեր Արամ-խմբ․)՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։






































