Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ոչ իր ցանկությամբ ընդդիմության ցույցերին մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների մասով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։ ՔԿ-ից հավելել են, որ նախաքննությունը շարունակվում է:
Քահանան սեպտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2021 թվականին «ընդդիմության գրեթե բոլոր ցույցերին մասնակցել է, բայց ոչ թե իր ցանկությամբ, այլ հրահանգով»։ Նա նշել էր, դեմ էր ցույցերին մասնակցելուն։
«Քանի որ Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի, և դա այն դեպքում, երբ վանքում ինձ սպասում էին մարդիկ, ովքեր Աստծո խոսքի կարիք ունեին։ Եթե հավաքի չգնայի, խնդիրներ կլինեին։ Պետք է հստակ բացատրեի՝ ինչո՞ւ չեմ գնում, եթե չեմ գնում՝ ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ»,- հայտարարել էր քահանան։
Սեպտեմբերի 1-ին նա Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին։ Սեպտեմբերի 2-ին նոր գրառմամբ տեղեկացրել էր, որ սպառնալից ակնարկներով փորձել են իրեն լռեցնել։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Տեր Արամի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։






























